Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը․ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է Կովկասում գտնվող նախկին խորհրդային հանրապետություն բնական գազի մատակարարումների սեպտեմբերի 15-25-ը տասնօրյա դադարեցման մասին, գրում է Le Monde-ը։

«Ընկերությունը վկայակոչել է վերանորոգման աշխատանքները և հավաստիացրել, որ այդ ժամանակահատվածում «գազի մատակարարումները սպառողներին կլինեն անխափան և հուսալի՝ առանց սահմանափակումների»՝ ներքին պաշարների շնորհիվ»։

Ռուսական գազը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ 2025 թվականին երկիրը ներմուծել է մոտ 2,705 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որից 2,229 միլիարդ խորանարդ մետրը մատակարարվել է Ռուսաստանից, ինչը կազմում է մոտ 82,4%։ Մնացած 17,6%-ը մատակարարվել է Իրանից։

«Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարությունը հնչել է Ռուսաստանի և Հայաստանի միջև լարվածության սրման ֆոնին․ Հայաստանն աստիճանաբար հեռանում է այս պատմական դաշնակցից, որը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ պատերազմից հետո համարվում է անվստահելի, և նախընտրում է ավելի սերտ կապեր Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ։

Ձգտելով նվազեցնել Ռուսաստանից իր կախվածությունը և դիվերսիֆիկացնել իր դաշինքները՝ Երևանը 2025 թվականի հունվարին ընդունել է օրենք, որով պաշտոնապես հայտարարում է Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու հայտ ներկայացնելու իր մտադրության մասին։ Իր հերթին Մոսկվան այդ նախագիծը համարում է անհամատեղելի երկրի անդամակցության հետ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)՝ հինգ նախկին խորհրդային հանրապետություններից կազմված տնտեսական գոտուն։ Այն պահից ի վեր, երբ Հայաստանը հայտարարել է Եվրամիություն մտնելու իր ցանկության մասին, Մոսկվան ուժեղացնում է տնտեսական պատժամիջոցները»,- գրում է պարբերականը։