News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է «Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով» նախագիծը: Գաղափարի հեղինակ Անի Աֆյանը զրուցել է Հայաստանում բնակվող երիտասարդ կանանց հետ եւ հարցրել նրանց «Թավշյա հեղափոխության» եւ ընտանեկան բռնության, համընդհանուր տագնապների եւ անձնական վախերի, ոճի եւ ավելորդ քաշի մասին. մի խոսքով՝ ամեն ինչի մասին: Հիմա եւ այստեղ: Անկեղծ: Դեմ առ դեմ: 

Անահիտ Թադեւոսյանը բանաստեղծ է, թարգմանիչ: Հրաշքների է հավատում եւ մասնակցում ընդդիմադիր հանրահավաքներին՝ դա համարելով իր մասնագիտական եւ մարդկային պարտքը:

Մասնագիտության եւ իր մասին

Իմ կրթության լրագրողական մասը ընդհանուր առմամբ 6 տարի ստացել եմ 2 համալսարաններում, իսկ ավարտելուց հետո ոչ մի օր լրագրությամբ չեմ աշխատել. եթե մինչեւ դիպլոմը ստանալը հասցրել էի մեծ թվով հոդվածներ գրել, ապա հետո միայն որպես խմբագիր եմ աշխատել, լրագրության դիսցիպլիններից ինչ-որ բան կարճ ժամանակ դասավանդել եմ: Երկրում ակտիվ քաղաքական գործընթացները այն ժամանակն է, երբ մտաբերում եմ այս մասնագիտության առջեւ ունեցած իմ, դեռեւս չմարած պարտքի մասին: Նախկինում համացանցում հրապարակում էի իրադարձությունների վայրից ռեպորտաժի նման ինչ-որ բան: Հիմա առցանց ռեժիմում իրադարձությունները լուսաբանող պրոֆեսիոնալների պակաս չկա, այնպես որ՝ ես սահմանափակվում եմ լրահոսում նյութերի ընտրությամբ: Իմ լրահոսի ընթերցողները ռուսախոս են, եւ մեծ մասը Հայաստանից դուրս է գտնվում, ինձ համար կարեւոր է նրանց օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելը:

Ես մշտապես զբաղվել եմ բացառապես նրանով, ինչն ինձ բավականություն է պատճառել: Կյանքս այնքան հաջող է դասավորվել կամ ես այնքան արդյունավետորեն եմ ազատվել այն ամենից, ինչն ինձ բերկրանք չի պատճառել: Կարեւոր չէ՝ դասավանդում եմ, թարգմանում, խմբագրում, բանաստեղծություն եւ արձակ գրում, հեքիաթներ պատմում, զբաղվում ամեն տեսակի ձեռագործով, ես ուրախանում եմ այդ ճանապարհին յուրաքանչյուր փոքր հաջողությամբ՝ գեղեցիկ գաղափարով, հաջողված համեմատությամբ, ընտրված պտույտով, հավասար բանվածքով եւ ընդահանրապես՝ աշխատանքում հաջողված արդյունքներով: Այս պատճառով էլ անչափ երջանիկ մարդ եմ, կյանքն ինձ ուրախացնում է նոն-սթոփ ռեժիմում:

Ես նախընտրում եմ ինձ համար եղանակն ինքնուրույն փոխել: Ընդհանրապես չեմ սիրում ցանկացած ոլորտում միտումներին հետեւել: Գրականության մեջ դա անում եմ անհրաժեշտաբար, այդ թվում՝ կարդում եմ գրաքննադատներին, ակնարկները, բայց արդյունքում, միեւնույն է, սեփական գնահատականս չի համընկնում գրախոսություններից ոչ մեկին: Իսկ եթե խոսենք գրականության վրա ազդեցությունների մասին, ապա դրա մասին հնարավոր կլինի լիարժեք դատել 50 տարի հետո:

Տարիքս ամենեւին չեմ զգում: Գուցե այն պատճառով, որ տարիքիցս փոքր եմ երեւում ու մինչեւ չեմ ներկայանում, մինչեւ հիմա ինձ որպես ուսանողի են ընկալում, այլ ոչ դասախոսի: Միակ բանը, որում տարբերությունը զգացվում է, տեքստերն են. «Այն ժամանակ չափից ավելի անձնապաստան էին, ես հիմա այդպես չէի գրի»: Այնպես որ՝ ակադեմիական, գիտական բարեխղճությունը միակ բանն է, որով կարելի է եզակացնել, որ ես թեկուզ մի փոքր հասունացել եմ:

Մինչեւ 18 տարեկանը մշտապես զբաղված էի ինքնափորփրմամբ: Անգամ ինչ-որ բաների ցանկ ունեի, որոնց համար ինձ երբեք չէի ների: Մի անգամ որոշեցի, որ բավական է, ամեն ինչի համար ինձ ներեցի եւ արդեն մեկ տարի հետո չէի կարողանում հիշել, թե այդ ցանկում ինչ էր մտնում: Այդ ժամանակից ի վեր ինքս իմ հանդեպ բացարձակ ներողամիտ եմ: Անիմաստ է հետ նայել եւ մտածել, որ անցյալում ինչ-որ բան այնպես չես արել, եթե ապագա ունես եւ հնարավորություն անելու այլ կերպ, եթե նախկին արդյունքը չի բավարարում:

Ես ճակատագրապաշտ եմ, որովհետեւ իմ կյանքի ընթացքն ինձ անխուսափելիորեն հանգեցրել է այն մտքին, որ դրանում ոչ մի իրադարձություն պատահական չի եղել: Դրանից բացի, դա կյանքով հաստատվող կենսական դիրքորոշում է, որովհետեւ այն պահին, երբ անախորժություններ են պատահում, դու անմիջապես մտածում ես, որ վաղ թե ուշ կհասկանաս, թե դրանք ինչու էին անհրաժեշտ:

Իմ մասին շրջապատի մարդկանց ամենամեծ մոլորությունն այն է, որ ակնկալում են, թե կենսական հարցերում նույնքան վստահ եմ, որքան գիտական: Իրականում գիտակցությունը ողջամտության հետ ոչ մի ընդհանուր բան չունի, եւ կենցաղային իրավիճակներում ես բավականին անօգնական եմ:

Քաղաքականության, փոփոխությունների եւ հայրենասիրության մասին

Մասնակցում եմ ընդդիմադիր բոլոր հանրահավաքներին՝ սկսած 1989 թվականից, պարտքս եմ համարում՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մարդկային։ Չեմ կարող ասել, թե ներկայությունս օգնում է կողմնորոշվել իրավիճակում. արդեն սկսած «Էլեկտրիկ Երեւան» շարժումից՝ հանրահավաքների եւ երթերի մեջ, բազմության մեջ մարդիկ բջջային հեռախոսով փորձում էին հասկանալ, թե այդ պահին ինչ է կատարվում։ Բայց բուն ներկայությունն այդ դեպքերին ինչ-որ երեւույթներին դեմ լինելու ձայնն է։

Ինձ ամենից շատ, դեռեւս թավշյա հեղափոխության գործընթացում, զայրացնում էին մարդիկ, ովքեր ճիշտ ժամանակին զգում էին, թե քամին դեպի որ կողմ է փչում, եւ նետվում էին իրենց հավատարիմ հպատակությունն արտահայտելու նոր հասցեով։ Ոչ ոք այնպես չի փչացնում ցանկացած իշխանություն, ինչպես քծնողները։

Գլխավոր դրական փոփոխությունը մարդկանց հավատն է, որ քաղաքական գործընթացները կախված են իրենցից, որ այս իշխանությունը, եթե չարդարացնի իրենց ակնկալիքները, կարելի է փոխել։ Ես հիշում եմ, թե ինչ խոր ընկճախտի մեջ էին ընկնում յուրաքանչյուր նոր շարժման բոլոր ակտիվ մասնակիցները դրա ձախողումից հետո, եւ շատ ուրախ եմ, որ շարժմանը մասնակցած երիտասարդները դուրս են եկել դրանից կենսահաստատ զգացողությամբ, որ ամեն բան իրենց ձեռքում է։

Կցանկանայի միջոցառումների համալիր՝ սփյուռքի ներկայացուցիչներին հարմարավետ վերադարձի հնարավորությունների տրամադրման իմաստով։ Աշխատատեղեր, որոնք զբաղեցնելու համար կհրավիրեին համապատասխան ոլորտում կայացած հայերի արտասահմանից, բնակարանային եւ այլ հարցերի լուծում։ Ես հասկանում եմ, որ այս բոլոր հարցերը առայժմ չեն լուծվում նաեւ երկրի ներսում ապրողների համար, բայց այս խնդիրը, որը, ինչպես ինձ է թվում, հարկավոր է գոնե առաջադրել եւ գոնե ինչ-որ քայլեր անել այդ ուղղությամբ։

Սովորաբար երթեւեկում եմ ոտքով, եթե ժամանակ ունեմ, եւ տաքսիով, եթե ժամանակ չունեմ։ Տաքսիներն աշխատում են հիանալի, ցանկացած տեղում կարելի է տաքսի բռնել, եւ բոլոր առումներով դրանք ինձ հարմար են։

Հայրենասերն այն մարդն է, որի համար հայրենիքի շահերը վեր են անձնային շահերից։ Այլ բան է, որ գլոբալացման դարաշրջանում մարդը կարող է իրեն լրիվ կոսմոպոլիտ զգալ կամ օբյեկտիվորեն ունենալ որպես հայրենիք ընկալվող մեկից ավելի վայր։ Փոքր ժողովրդի համար, ինչպիսին մերն է, հայրենասիրությունը գոյատեւելու պայմանն է։ Բնավորությամբ ու հետաքրքրություններիս շրջանակով ես, կարծում եմ, հայրենասեր չէի լինի, եթե ծնված լինեի մեծ երկրում, իսկ այս կերպ ես այդ որակն իմ մեջ սերմանում եմ որպես պատասխանատվություն, որը չի կարելի դնել ուրիշի ուսերին. պարզապես մարդ չկա, որ դնես։

Սեռական փոքրամասնությունների ու ընտանեկան բռնության մասին

Ես կարծում եմ, որ մարդու ինտիմ կյանքն առհասարակ ոչ մեկին չի վերաբերում։ Կան ինձ համար խորապես համակրելի մարդիկ, ովքեր իրենց կողմնորոշումը չեն ազդարարում, բայց ես դրա մասին գիտեմ, եւ դա ոչ մի կերպ չի ազդում նրանց հանդեպ իմ վերաբերմունքի վրա։ Այլ բան է, երբ ոչ ավանդական կողմնորոշումը դառնում է մոդա, սերմանվում եւ քարոզվում է, մանավանդ երեխաների շրջանում։ Այդ ժամանակ համապատասխան հակումներ սկսում են իրենց մեջ հայտնաբերել մարդիկ, ովքեր այլ պայմաններում իրենց նախասիրություններում միանգամայն ավանդական կլինեին եւ ընդհանուր առմամբ՝ ավելի երջանիկ։

Հավանաբար, այս խնդրի տեսլականը, խոսքը ընտանեկան բռնության մասին է, շատ ուժեղ է դետերմինացված անմիջական շրջապատով։ Իմ շրջապատում ընտանեկան բռնություն չկա, այն ինձ հազվադեպ պատահում է նորություններում։ Եվ ես, ըստ էության, գիտեմ ինչպես պայքարել դրա դեմ, բայց այդ գիտելիքն այն նույն նորություններից է, որն անձնական ընկալման հետ ոչ մի ընդհանուր բան չունի։

Փողի, վախերի եւ շարժառիթների մասին

Կարողանում եմ տեղավորվել նախապես նախատեսված բյուջեի մեջ՝ անկախ նրանից, որքան փոքր է գումարը եւ որքան մեծ է դրա համար հաշվարկված ժամանակահատվածը: Բացարձակապես չեմ կարողանում ավելացնել գումարը, շատ դժվարությամբ եմ պայմանավորվում աշխատանքիս վարձատրության մասին եւ ավելի մեծ դժվարությամբ այն ստանում: Իսկ ծախսում եմ, առաջին հերթին, ընթերցանության վրա: Լայն իմաստով՝ էլեկտրոնային գրքերից մինչեւ դրանց հասանելի դարձնող տարբեր միջոցների:

Երեւի ես մեծ վախեր չունեմ: Կան փոքրիկ վախեր՝ վշտացնել զրուցակցին, մարդու հետ կոշտ լինել, քան նա արժանի է, անհարմար դրության մեջ դնել: Դրա համար ես բավական ներողամիտ եմ այլ մարդկանց հանդեպ (ոչ միայն իմ նկատմամբ), ներառյալ այն իրավիճակները, երբ համընդհանուր կարծիքով, պետք է ավելի կոշտ լինել:

Ես երբեք ինձ հատուկ չեմ մոտիվացնում: Պարզապես ամեն մի նոր խնդիր նոր գիտելիքներ, հմտություններ եւ ջանքեր է պահանջում, իսկ առանց նոր խնդիրների ձանձրալի է ապրել, այնպես որ՝ ես անընդհատ դրանք ինձ համար ստեղծում եմ:

Զգեստապահարանի, դիմահարդարման եւ ավելորդ քաշի մասին

Սովորաբար դասական ոճի հագուստներ եմ ընտրում: Մեծ հաճույքով նախորդ դարաշրջանների զգեստներ կհագնեի: Սիրում եմ ինչ-որ գրքերի կամ կերպարների հետ կապված հագուստներ, բայց ցավոք իմ նախընտրությունների մեծ մասը դիմակահանդեսի համար է նախատեսված, եւ ես սովորաբար օգտվում եմ զգեստափոխման միջոցառումներից, որպեսզի իմ երեւակայությունների գոնե մի մասն իրականացնեմ:

Այսպես, թե այնպես, որպեսզի հագուստի մեջ ինձ հարմարավետ զգամ, այն պետք է ինչ-որ գրական զուգորդություններ ունենա:

Ես ունեմ պատմուճան, որը միայն մեկ անգամ եմ կյանքում հագել՝ 14 տարի առաջ Հարի Փոթերի դերի համար, բայց մինչեւ հիմա պահում եմ:

Բեմադրությունը մայիսին էր, Սանկտ Պետերբուրգում, այդ ժամանակ ես Մոսկվայում էի սովորում, իսկ դերի համար հանդերձանքը հավաքել եմ Երեւանում ձմեռային արձակուրդների ժամանակ:

Պատմուճանը մեկնելուց մեկ օր առաջ ինձ համար կարել էր քույրս՝ համացանցից վերցրած ձեւվածքով, տատիկս կարի ընթացքին չէր մասնակցում, սակայն խորհուրդներ էր տալիս, իսկ մայրս ստուգում էր կիսատ հավաքված ճամպրուկը:

«Ուրեմն, պատմուճանը դրեցինք, կախարդական փայտիկը դրեցինք...»: Ես տպավորություն ունեի, որ ինձ ամբողջ ընտանիքով Հոգվարթս են ուղարկում, եւ այդ պատմուճանը ոչ միայն հիշողություն է դերախաղից, այլեւ իմ ընտանիքի բացարձակ աջակցության տեսանելի արտահայտություն:

Մոտավորապես տարին մեկ անգամ համացանցում դիմահարդարման նոր ձեւ եմ գտնում եւ փորձում: Համոզվում եմ, որ առանց դիմահարդարման ավելի լավ տեսք ունեմ եւ եւս մեկ տարի մոռանում եմ այդ մասին:

Իսկ մազերս շատ կուզեի ժամանակավոր սեւից մուգ կապույտ դարձնել, բայց սկսեցի դասավանդել եւ հիմա, հավանաբար, պետք է սպասեմ մինչեւ թոշակառու դառնամ:

Շատ հեշտ է ավելորդ քաշի մասին պատճառաբանել, երբ չես ուզում ոչ ուտել, ոչ նեղացնել նրանց, ովքեր փորձում են քեզ կերակրել: Այնպես որ՝ փոքրիկ ավելցուկն անգամ օգտակար է: Երբ այն ինձ մոտ հասնում է 5 կգ-ի, ես սկսում եմ հանգիստ դրա դեմ պայքարել, բայց սովորաբար այն ինքնըստինքյան անհետանում է, դիետաներից չէ, այլ նրանից, որ ես խորասուզված ինչ-որ բանով տարվում եմ: Իսկ շրջապատի մարդկանց ավելորդ քաշն ինձ չի խանգարում: Կարեւորը, որ իրենց չխանգարի:

Քննադատության եւ համոզմունքների մասին

Քննադատությանը հանգիստ եմ վերաբերվում: Եթե այն զվարճալի է՝ առաջինն եմ ծիծաղում: Իհարկե, խոսքը փաստարկված քննադատության մասին է, սակայն հենց այնպես ինձ սովորաբար չեն քննադատում:

Ես հավատում եմ հրաշքներին: Եվ իմ կյանքում դրանք անընդհատ կատարվում են: Ընդհանրապես, ամեն մարդու կյանքում տեղի է ունենում այն, ինչին նա հավատում է, դրա համար ավելի լավ է ինչ-որ լավ բանի հավատալ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am-ի

Հարցազրույց նախագծի մյուս մասնակիցների հետ

1. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անի Մովսիսյան)

2. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ջեմմա Փանոյան)

3. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Նատալյա Զալիբեկյան)

4. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Աննա Արեւշատյան)

5. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ինեսա Մկրտչյան)

6. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ելենա Գեւորգովա)

7. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Լիլիթ Մովսիսյան) 

8. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Սոնա Ազարյան) 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ