Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քիմիկոսները գիտական հաստատությունների գործընկերների հետ համատեղ մշակել են սերմերի պաշտպանության նոր եղանակ, որը անվտանգ է շրջակա միջավայրի համար։ Առաջարկված տեխնոլոգիան կնվազեցնի բույսերի հիվանդությունների ռիսկը և կբարձրացնի գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը։
Այսօր մեծ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության բնապահպանական ուղղվածությանը, մասնավորապես՝ մեթոդներին, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնելու հողի վրա քիմիական ծանրաբեռնվածությունը և կրճատելու թունաքիմիկատների կիրառման ծավալները։ Բույսերի աճի խթանման և պաշտպանության կենսաբանական միջոցների օգտագործումը հեռանկարներ է բացում ագրոարդյունաբերական ոլորտում գիտական մշակումների համար, հաղորդում է «Գիտական Ռուսաստան»-ը։ Հայտնվում են նոր անվտանգ բաղադրություններ, որոնք բարելավում են բույսերի արտադրողականությունը և հնարավորություն տալիս ստանալու էկոլոգիապես մաքուր արտադրանք՝ բերքի կորուստները նվազագույնի հասցնելով։
Խիտոզանի հիմքով պոլիմերային ծածկույթների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու համար Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտնականներն առաջարկել են սերմերի նախացանքային մշակման եղանակ՝ խիտոզանը գլիօքսալի հետ օգտագործելով։ Գյուղատնտեսության մեջ գլիօքսալը կիրառվում է որպես հակաբակտերիալ միջոց՝ հողն ու բույսերը վնասատուներից և վտանգավոր հիվանդություններից պաշտպանելու համար։ Խիտոզանը բնական նյութ է, որը ստացվում է խիտինից։ Շրջակա միջավայրի համար անվտանգ այս պոլիմերով կապսուլավորում են սերմերը, ինչը հնարավորություն է տալիս բարելավելու ցանքային հատկությունները և խթանելու ծլումը, սակայն միացության լուծելիությունը սահմանափակում է դրա կիրառման ժամկետը։
Փորձերն իրականացվել են փափուկ ցորենի սերմանյութի վրա, քանի որ հատկապես կարևոր է բարձրացնել այս մշակաբույսի դիմադրողականությունը Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-Արևմտյան շրջանի բարդ կլիմայական պայմանների նկատմամբ։ Սերմերը մշակվել են երկու առաջարկված եղանակով․ առաջին դեպքում՝ հերթականությամբ պոլիմերով և գլիօքսալով, երկրորդ դեպքում՝ դրանք տեղադրել են նախապես պատրաստված ռեագենտների խառնուրդի մեջ։ Այնուհետև պոլիմերային ծածկույթը ենթարկել են ջերմամշակման բարձրացված ջերմաստիճանի պայմաններում, որի արդյունքում ստացվել է խիտոզանի հիմքով քիմիականորեն խաչաձև կապակցված պոլիմերային ցանց, որը պարունակում է գլիօքսալի փոքր քանակություն։
«Ցորենի արտադրողականության տարրերի վերլուծության ժամանակ կիրառվել է ցուցանիշների համալիր, որն արտացոլում է բույսերի ֆիտոմետրիկ և ֆիտոպաթոլոգիական բնութագրերը։ Արտադրողական թփակալման և հասկում հատիկների զանգվածի մասին տվյալների հիման վրա հաշվարկվել է մեկ նմուշի արտադրողականությունը․ հենց այս ցուցանիշն էլ հիմք է ծառայել ցորենի պոտենցիալ բերքատվությունը որոշելու համար»,- բացատրել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Մայա Ուսպենսկայան՝ բժշկական քիմիայի ամբիոնից։
Հետագայում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտնականները որոշել են ցորենի սերմերի նախացանքային պատրաստման ամենաարդյունավետ եղանակը, որի դեպքում դրանք սկզբում տեղադրում են խիտոզանի լուծույթի մեջ, չորացնում, ապա լրացուցիչ մշակում գլիօքսալի ջրային լուծույթով։ Այդպիսի մեթոդը նպաստում է բերքատվության ավելի քան մեկուկես անգամ բարձրացմանը և նվազեցնում է վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկը։
«Առայժմ սա լաբորատոր տեխնոլոգիա է, որը ցույց է տվել առաջին արդյունքները։ Արդյունաբերական կիրառման համար անհրաժեշտ է անցկացնել լրացուցիչ հետազոտություններ՝ դրա մասշտաբավորման ուղղությամբ։ Սակայն մենք կարծում ենք, որ մշակված ծածկույթը կգտնի իր կիրառությունը՝ իր արդյունավետության և անվտանգության շնորհիվ»,- նշել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դոցենտ Մարիա Ֆոկինան՝ լազերային քիմիայի և լազերային նյութագիտության ամբիոնից։





























