News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է «Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով» նախագիծը: Գաղափարի հեղինակ Անի Աֆյանը զրուցել է Հայաստանում բնակվող երիտասարդ կանանց հետ եւ հարցրել նրանց «Թավշյա հեղափոխության» եւ ընտանեկան բռնության, համընդհանուր տագնապների եւ անձնական վախերի, ոճի եւ ավելորդ քաշի մասին. մի խոսքով՝ ամեն ինչի մասին: Հիմա եւ այստեղ: Անկեղծ: Դեմ առ դեմ: 

Սոնա Ազարյանը երաժիշտ է: Իրեն ակտիվ քաղաքացի է համարում, պայքարում է օնկոհիվանդություններով տառապող երեխաների կյանքի համար եւ հավատում է տիեզերքի օրենքներին: 

Մասնագիտության եւ իր մասին

Ես երաժիշտ եմ, ինչպես նաեւ քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցող «Մենք ենք» բարեգործական ֆոնդի հիմնադիրը: Ընդհանրապես, կյանքում բախտս շատ բերել է. ես մշտապես զբաղվում եմ նրանով, ինչով այդ փուլում ցանկանում եմ զբաղվել կամ կարող եմ ինձ թույլ տալ, եւ դա ինձ երջանկացնում է: Անսահման ուրախանում եմ, եթե ուրիշներին էլ է երջանկացնում:

38 տարեկան եմ: Կարծում եմ, որ ինձ համար ամենահետաքրքիրը եւ որակյալը միայն հիմա է սկսվում՝ 40-ին մոտ, սկսել եմ ինձ բռնացնել այն մտքի վրա, որ երբեմն տարիքս մեծացնում եմ, ինչպես մանկության տարիներին էինք հաճախ անում: Չեմ մտաբերում տարիքիս հետ ավելի հարմարավետ հարաբերություններ, քան այսօր:

Ի՞նչ կարծիքի եմ քննադատության մասին: Գիտեք, անչափ կարեւոր է քննադատողի մոտիվացիան: Մնացյալ ամեն ինչը երկրորդական է, ներառյալ նրա անձը:

Ինքնագնահատականի խնդիրներ ունի ցանկացած homo sapiens: Զվարճալին այն է, որ առանձին վերցրած յուրաքանչյուր հասարակության մեջ դրանք սաստիկ տարբերվում են: Ես ինքնափորփրմամբ չեմ զբաղվում, միաժամանակ, նաեւ կայուն «ինքնաքննադատ» եմ:

Փորձում եմ ռեալիստ լինել: Բայց ներսումս ապրող պեսիմիստի եւ լավատեսի կռիվը հաճախ խանգարում է:

Մշտապես զարմանում եմ, երբ ինձ մեծամիտ մարդ են համարում՝ մեծամտությունը շփոթելով այն բանի հետ, որ անտանելի չեմ սիրում ընտանեվարությունը:

Քաղաքականության, փոփոխությունների եւ հայրենասիրության մասին

Քաղաքական գործընթացներին հարաբերականորեն եմ հետեւում, բայց համարձակվում եմ ինձ ակտիվ քաղաքացի համարել. ես օժտված եմ մեր հասարակության համար ցավոտ հարցերը համացանցում բարձրացնելու «տաղանդով» (միակ նպատակը դրանց ավելի արագ լուծմանն օգնելն է), որտեղ առավել քան ակտիվ եմ: Իմ ազգականները եւ մտերիմները երբեմն ինձ համար անհանգստանում են՝ հետեւելով, թե որքան նյարդեր ու ուժ եմ տալիս այդ «պայքարին», որը, բարեբախտաբար, վերջին շրջանում իրական աշխարհում հաղթելու միտում ունի:

Միայն մեկ անգամ եմ հանրահավաքի գնացել՝ անցյալ տարվա ապրիլի 23-ին: Հույս ունեմ դրանով սահմանափակվել: Ցանկանում եմ, որ այդ համաժողովրդական շարժումն իրեն արդարացնի:

Ինձ իրավասու եմ համարում դատելու միայն երկու ոլորտի վերաբերյալ, որոնց ինձ մասնակից եմ համարում՝ մշակույթի եւ առողջապահության: Ցավոք, երկու դեպքում էլ ինձ մնում է միայն դիմել սեփական համբերությանը եւ նոր նշանակումներին այն պաշտոններին, որոնց մեծ մասից է կախված այս ոլորտների իրական զարգացումը:

Մեքենա վարելու ցանկություն կա, բայց այս պահին Հայաստանում սարսափելի աղետալի է երթեւեկության անվտանգության կանոնների պահպանումը, եւ քանի դեռ համապատասխան մարմինների չմիջամտելը նման է յուրատեսակ սաբոտաժի, ես նախընտրում եմ օգտվել տաքսուց եւ մասնավոր վարորդի ծառայություններից:

Որքան մեծանում եմ, այնքան ինձ ավելի շատ է վանում «հայրենասեր» չարչրկված բառը եւ այն անհեթեթ պաթոսը, որը դրա մեջ դնում են նրանք, ովքեր այս հասկացությունը շահարկում են: Այս ֆոնին նախընտրում եմ ինձ կոսմոպոլիտ համարել:

Սեռական փոքրամասնությունների ու ընտանեկան բռնության մասին

Միանգամայն անհեթեթ եմ համարում այն կարծիքը, որ սեքս փոքրամասնությունները կարող են ազդել մեր ավանդույթների վրա կամ մեր հասարակությունում լինել իրական, այլ ոչ շահագրգիռ կողմերի առաջ քաշած շինծու խնդիր, հատկապես գոյություն ունեցող հրեշավոր խնդիրների ֆոնին, որոնցից բոլորը փորձում են թաքնվել բարձրագոչ արտահայտությունների հետեւում, ինչպես ջայլամը ավազի մեջ: Ես նկատի ունեմ ընտանիքներում հոգեբանական եւ այլ տեսակի բռնությունը:

Չեմ կարող թվերով եւ փաստերով խոսել, բայց կարծում եմ, որ քանի դեռ մեզ մոտ պտտվում են հայկական լցոնմամբ սերիալները, որոնց մեծ մասում գոռգոռոցը, բռնությունը եւ չարությունը կազմում է կոնտենտի 90 տոկոսը, իսկ դեռահասները դա ընդունում են որպես գործողության ուղեցույց, ընտանեկան բռնությունը միայն կծաղկի:

Փողի եւ վախերի մասին

Ես հրաշալի հարաբերություններ ունեմ փողի հետ, եւ դա փոխադարձ է: Ամենից շատ ծախսում եմ կենցաղային հարմարավետության վրա՝ իմ ու երեխաներիս: Ընդհանրապես, մանկուց փողի մասին հրապարակային արտահայտությունները անպարկեշտ եմ համարում:

Ցանկացած մարդու վախը իր հարազատների համար վախն է: Նաեւ շատ եմ վախենում բարձրությունից:

Զգեստապահարանի, դիմահարդարման եւ ավելորդ քաշի մասին

Կյանքում ես ասկետ եմ: Սիրածս ջինսերը մինչեւ պատռվելը հագնում եմ, որոնց հաջող օրինակներից տարիքին զուգընթաց միանգամից երկու զույգ եմ գնում, ընդ որում՝ միշտ հիշելով Դովլաթովի հանճարեղ խոսքը՝ «չլինի թե ինձ սրա մեջ էլ թաղեն»:

Կոշիկը պետք է հարմարավետ լինի, զարդերը չպետք է խանգարեն ջութակ նվագելուն, համբուրվելուն, երեխաներիս քերծեն: Իսկ բեմական հագուստի տեսանկյունից ես սնոբ եմ: Խենթանում եմ Ֆաինա Հարությունյանի և Սվետլանա Հակոբյանի հեղինակած գլուխգործոցների համար, որոնք կրում եմ «Ֆաինա»-ից եւ «Taraz.am»-ից: Բեմում ես աղջկավարի «կորցրածը հետ եմ բերում», քանի որ սովորական կյանքում ոչ ժամանակ, ոչ ուժ, ոչ էլ անգամ ցանկություն է մնում:

Իմ պայուսակում կարելի է «Այքոսի» սթիքի երեք տուփ գտնել, մուրճ, հիմնադրամի կնիքը, գունավոր մատիտների տաշեղներ, երեք անզույգ ականջօղ, աշխարհի տարբեր երկրներից մի կույտ մանրուք եւ կրծած խնձոր, իսկ երբեմն՝ լեգոյի խորանարդիկ:

Ճիշտ է, հյուրախաղերի ժամանակ ես ուրախությամբ ապարանջաններ եւ ականջօղեր եմ գնում՝ խոշոր, երկար, վառ, ամենատարբեր նյութերից, այն պայմանով, որ չխանգարեն նվագելիս: Հիմնականում դրանք զարդատուփից լուռ կշտամբանքով նայում են ինձ, մինչեւ որ չեմ նվիրում ուրիշներին: Այո, ես սիրում եմ իմ զարդերը նվիրել՝ հանելով վրայիցս եւ նոր տիրոջը հագցնելով՝ դրանով իսկ փոխանցելով իմ հարգանքի եւ սիրո մի մասը:

Քաշի խնդիր ունեմ: Ես այն արագ կորցնում եմ եւ չգիտեմ ինչ անեմ: Իսկ մարզադահլիճի նկատմամբ վերաբերմունքս ինչպես հայտնի անեկդոտում՝ առավոտյան վազքի պատճառով վիսկիի բաժակից սառույցը դուրս է թափվում: Կարծում եմ՝ ամեն ինչ հասկանալի է ինձ հետ կապված եւ այդ հանրահայտ առողջ ապրելակերպի վերաբերյալ իմ դիրքորոշման: Ես այդ ամենին շատ թերահավատորեն եմ վերաբերվում:

Երազում եմ դադարել ճերմակ մազերս ներկել, եւ կախարդական փայտիկի շարժումով համատարած ճերմակ մազեր ունենալ: Միեւնույն ժամանակ, վախենում եմ «բեմական կերպարիս» հետ խաղալ, որին արդեն սովոր են: Բայց կարծում եմ, որ մի օր կսափրեմ գլուխս որպես համերաշխության նշան իմ խնամարկյալներին, որոնց հետ միասին՝ ամեն մեկս յուրովի, պայքարում ենք օնկոլոգիայի դեմ:

Համոզմունքների եւ ազդեցիկ մարդկանց մասին

Ինձ համար միշտ միտում թելադրող կլինեն Յոհան Սեբաստիան Բախը, Ֆրանկո Ձեֆիրելին, Ալեքսանդր Դյուման, Դինա Ռուբինան, Հերբերտ ֆոն Կարայանը, Մոնիկա Բելուչին, Էլլա Ֆիցջերալդը: Թերեւս, ընդհատեմ ցուցակը:

Հավատում եմ տիեզերքի օրենքներին, ինչպես էլ որ այն անվանենք:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am-ի

Հարցազրույց նախագծի մյուս մասնակիցների հետ

1. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անի Մովսիսյան)

2. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ջեմմա Փանոյան)

3. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Նատալյա Զալիբեկյան)

4. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Աննա Արեւշատյան)

5. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ինեսա Մկրտչյան)

6. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ելենա Գեւորգովա)

7. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անահիտ Թադեւոսյան)

8. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Լիլիթ Մովսիսյան) 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ