News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է «Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով» նախագիծը: Գաղափարի հեղինակ Անի Աֆյանը զրուցել է Հայաստանում բնակվող երիտասարդ կանանց հետ եւ հարցրել նրանց «Թավշյա հեղափոխության» եւ ընտանեկան բռնության, համընդհանուր տագնապների եւ անձնական վախերի, ոճի եւ ավելորդ քաշի մասին. մի խոսքով՝ ամեն ինչի մասին: Հիմա եւ այստեղ: Անկեղծ: Դեմ առ դեմ: 

Լիլիթ Մովսիսյանը ռեժիսոր է: Կարծում է, որ հասարակությանը կարող է փոխել արվեստը, բայց ոչ քաղաքականությունը: 

Մասնագիտության եւ իր մասին

Հիմնականում խաբեությամբ եմ զբաղվում, նկատի ունեմ կինոարվեստը: Կինոն աշխարհում ամենագեղեցիկ եւ գրավիչ սուտն է, որի մեջ ավելի հաճելի է ապրել, քան եղած իրականությունում:

Ես ինձ՝ որպես ռեժիսորի, մեծ պահանջներ եմ ներկայացնում: Հավանաբար, մեծ իդեալիստ եմ, եւ հավանաբար, այդպես չի կարելի:

Ինձ համար տարիքը տրամադրություն է: Ինձ դուր է գալիս հասունանալու պրոցեսը, զգում եմ, թե ինչպես եմ յուրաքանչյուր օրվա հետ ինքս ինձ ավելի մոտենում: Սա դժվար է բառերով բացատրել: Նկատի ունեմ իմ ներքին աշխարհը՝ այն ամեն օր լցվում է նոր գիտելիքներով, եւ սինթեզի պրոցես է ընթանում:

Ինձ հասնող ցանկացած տեղեկատվություն խստորեն զտվում է: Համացանցի շնորհիվ այսօր մարդիկ միմյանց մոտ են ինչպես երբեք: Երբեմն թվում է, թե մենք բոլորս ծանոթ ենք եւ ինչ-որ տեղ հանդիպել ենք: Ժամանակ առ ժամանակ քեզ հասնող մարդկանց եւ տեղեկատվության հոսքի սահմանափակման անհրաժեշտության սուր զգացողություն է առաջանում, այլապես կարող ես խելագարվել:

Մշտապես տհաճությամբ եմ լսում քննադատությունը, նույնիսկ կառուցողական: Ճիշտ է, ավելի ուշ հետեւանքները երեւակվում են:

Կարծում եմ, որ պեսիմիզմը ժամանակի զուր կորուստ է, ես ճակատագրապաշտ չեմ, որովհետեւ կարծում եմ, որ հենց ես եմ որոշում, թե ապագաս ինչպիսին կլինի: Լավատես եմ առավել հաճախ այն ժամանակ, երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում:

Շրջապատող մարդիկ ինձ խենթ են համարում:

Քաղաքականության, փոփոխությունների եւ հայրենասիրության մասին

Թավշյա հեղափոխությունից հետո գրեթե մեկ տարի է անցել, բայց օդի մեջ մեծ լարվածություն կա: Այնպիսի զգացողություն է, թե հազարավոր մարդիկ շունչները պահած ինչ-որ բան են սպասում: Եվ դա ուժասպառ է անում:

Հանրահավաքների չեմ գնում: Առաջին հերթին այն պատճառով, որ վախենում եմ «հարբած» բազմության անկանխատեսելի հետեւանքներից:

Եթե սոուլ երաժիշտ Լեոն Բրիջեսը ելույթ ունենար վարչապետի ընտրություններում, ես կասեի, որ թավշյա հեղափոխությունն ազդել է իմ տրամադրության վրա: Ի դեպ, ես կունկնդրեի նաեւ սոուլ երգիչ Մայքլ Կիվանուկային եւ իռլանդացի Hozier-ին: Իսկ ավելի լավ կլիներ, եթե նրանք միասին համերգ տային:

Ես կցանկանայի, որ առաջին հերթին փոխվեր կրթության հանդեպ վերաբերմունքը: Խոսքը ոչ միայն կոնկրետ գիտելիքների մասին է, այլ ազգի ընդհանուր լուսավորվածության: Հիմա այնպիսի տպավորություն է, որ դրանով զբաղվում է մոտ հազար գիտակից մարդ՝ երբեմն նույնիսկ իրենց կյանքը վտանգի ենթարկելով:

2013 թվականից ոչ մի բան չեմ նկարահանել: Գլխավոր խնդիրը, որին բախվում եմ, հետեւյալն է՝ ֆիլմ նկարահանելու համար նախ հարկավոր է դրա համար փող վաստակել եւ միայն հետո նախաձեռնել նկարահանումները: Սա, իհարկե, աբսուրդ է, եւ ես հույս ունեմ, որ նոր կառավարությունը ճիշտ որոշումներ կընդունի, ու այս ոլորտում դրական փոփոխությունները սարերի հետեւում չեն:

Շուտով մեկ տարի կլինի, ինչ քաղաքում տեղաշարժվում եմ սեփական մեքենայով: Միակ խնդիրը խցանումներն են: Ինձ երբեմն թվում է, թե ոտքով ավելի շուտ կհասնեմ անհրաժեշտ վայրը: Ես ապրում եմ քաղաքի ծայրամասում, այլապես մեքենայով չէի երթեւեկի, կնախընտրեի ոտքով կան հեծանվով գնալ: 

Շատ կցանկանայի, որ հարեւան վարորդներն այդքան նյարդային չլինեին: Ես երբեմն ագրեսիան հստակ զգում եմ ինձնից գրեթե 1 կմ հեռավորությամբ: Ցանկանում եմ հասկանալ՝ ի՞նչն է մարդկանց ստիպում ղեկին այդքան նյարդային լինել:

Ես չեմ ժխտում գենետիկ հիշողության, մշակույթի, տեսակի գոյությունը, բայց «հայրենասիրություն» բառը, չգիտեմ ինչու, ասոցացնում եմ միայն պատերազմին, իսկ ցանկացած ռազմական հակամարտություն անընդունելի եմ համարում: Վստահ եմ, որ սահմանին կանգնած զինվորն էլ է խաղաղություն ուզում: Այդ դեպքում ո՞վ է պատերազմում եւ ինչո՞ւ: Սա էլ հենց քաղաքականություն է, որի մասին չեմ սիրում խոսել:

Սեռական փոքրամասնությունների ու ընտանեկան բռնության մասին

Ցանկացած պարագայում անհնար եմ համարում այլ մարդու կողմնորոշումը քննարկելն ու առավել եւս դատապարտելը, եթե դա նրա անձնական ընտրությունն է: Դա գրեթե նույնն է, եթե ես քննադատեմ քաղցր սուրճ սիրող մարդուն, մինչդեռ ես դառն եմ խմում, քանի որ դա եմ ճիշտ համարում: Ավանդական հայկական ընտանիքի համար իրական սպառնալիք է դաստիարակության բացակայությունը եւ տգիտությունը: Այստեղից էլ առաջանում են բոլոր դրամաները:

Եթե ընտանեկան բռնության մասին օրենք չընդունվի, շատ կանանց վիճակը նույնքան ծանր կմնա, ինչպես հիմա: Բացի այդ, հարկավոր է դպրոցում երեխաների հետ զրույցներ անցկացնել, մշակույթը, տնտեսությունը զարգացնել: Այս ամենը փոխկապակցված է: Իսկ հիմա հույսը այն 1000 մարդկանց հետ է կապված, որոնց մասին ես արդեն ասացի: Եվ այն էլ՝ քանի դեռ նրանք չեն լքել երկիրը:

Փողի, վախերի եւ շարժառիթների մասին

Ես ամենեւին չեմ կարողանում տնօրինել փողը: Սիրահարվածի պես ծախսում եմ: Իսկ հիմնականում հենց այդ վիճակում էլ գտնվում եմ:

Իմ ամենամեծ վախը սիրելի մարդկանց կորցնելու վախն է:

Ինչպե՞ս եմ ինձ մոտիվացնում: Լավ ֆիլմեր եմ դիտում եւ երբեմն սիրելի եվրոպական քաղաքներում բնակարաններ:

Զգեստապահարանի, դիմահարդարման եւ ավելորդ քաշի մասին

Նախընտրում եմ այնպիսի հագուստ հագնել, որով կարող ես հանգիստ նկարահանման հրապարակ գնալ, որտեղ աշխատելու ես, օրինակ՝ Քեյթ Բլանշետի հետ: Այնպես որ, դա պետք է էլեգանտ, բայց միեւնույն ժամանակ շատ հարմար հագուստ լինի:

Ես չունեմ սիրելի իրեր: Ցանկացած իր հեշտ փոխարինելի է:

Մայրս՝ կինոյի եւ թատրոնի գրիմարար Էմմա Մովսիսյանը, իր աշխատանքում առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով՝ հանդիսատեսը չպետք է նկատի դերասանի շպարը: Ես ինքս էլ այդպես եմ դիմահարդարվում, այսինքն՝ առօրյա կյանքում իմ դիմահարդարումը հազիվ նկատելի է:

Ինչպես եմ վերաբերվում իմ ավելորդ կիլոգրամների՞ն: Ես պարզապես ժամանակ չունեմ այդ մասին մտածելու, հատկապես վերջին տարում: Ես զբաղված էի մի նախագծով, որի ժամանակ պետք էր ոտքով սար բարձրանայի՝ զուգահեռ նկարահանելով: Դա երբեմն ձմռանն էր լինում, երբեմն՝ ուժեղ անձրեւին: Իսկ հետո ես վերադառնում էի տուն եւ շանս հետ զբոսնում: Այդ ամենը խելահեղ տեմպով էր կատարվում, եւ ես չէի կարողանում որեւէ այլ բանի մասին մտածել՝ միայն աշխատանքի եւ շանս մասին:

Ազդեցիկ մարդկանց  եւ համոզմունքների մասին

Ժամանակակից ռեժիսորի լավ ֆիլմը կարող է շատ ուժեղ ազդեցություն ունենալ ինձ վրա: Մեկ տեսարանը կարող է տակնուվրա անել երեւույթների բնույթի մասին իմ պատկերացումը, կասկածի տակ դնել իմ որեւէ համոզմունք: Սակայն ես չեմ կարող կոնկրետ մարդու նշել, ով ինձ համար բացարձակ հեղինակություն է: Նման մարդիկ, թերեւս, չկան:

Ես հավատում եմ իմ շանը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am-ի

Հարցազրույց նախագծի մյուս մասնակիցների հետ

1. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անի Մովսիսյան)

2. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ջեմմա Փանոյան)

3. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Նատալյա Զալիբեկյան)

4. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Աննա Արեւշատյան)

5. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ինեսա Մկրտչյան)

6. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ելենա Գեւորգովա)

7. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անահիտ Թադեւոսյան)

8. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Սոնա Ազարյան) 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ