News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է «Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով» նախագիծը: Գաղափարի հեղինակ Անի Աֆյանը զրուցել է Հայաստանում բնակվող երիտասարդ կանանց հետ եւ հարցրել նրանց «Թավշյա հեղափոխության» եւ ընտանեկան բռնության, համընդհանուր տագնապների եւ անձնական վախերի, ոճի եւ ավելորդ քաշի մասին. մի խոսքով՝ ամեն ինչի մասին: Հիմա եւ այստեղ: Անկեղծ: Դեմ առ դեմ: 

Աննա Արեւշատյանը ռեժիսոր է, կրթության նոր տեսակի կողմնակից, իրեն շրջապատում է բարությամբ եւ փողը ծախսում գրքերի վրա:

Մասնագիտության եւ իր մասին

Հիմա ես մայրությամբ եմ զբաղված՝ առանց կինոյից ու մանկավարժությունից կտրվելու: Կրթության խնդիրն ինձ համար սուր հարց է: Ես հասկացա, որ մարդու ամբողջ հետագա կյանքը, հաջողությունը, նշանակալիությունը կախված են նրանից, թե նա որքանով է ունակ լայն մտածելու, նոր գիտելիքներն ընկալելու: Դասական իմաստով կրթությունը բանի պետք չէ, ուստի շատ գիտնականներ խոսում են նոր տեսակի կրթության ստեղծման մասին, որը սովորեցնում է յուրովի, ինքնատիպ մտածել: Հենց հիմա ես սովորում եմ ՏՐԻԶ-մանկավարժություն (գյուտարարական խնդիրների լուծման տեսություն): Եթե համառոտ ասեմ, ապա դա մանկավարժական համակարգ է, որի նպատակն է տեխնոլոգիաների օգնությամբ ստեղծագործական մտածողության զարգացումը ոչ ստանդարտ խնդիրների լուծման համար: Այս թեման ինձ անչափ հոգեհարազատ է, եւ մեր հասարակության մեջ դրա նշանակությունը շոշափելի է: Ես ծրագրում եմ շուտով մանկական կինոստուդիա բացել՝ ՏՐԻԶ տեխնոլոգիաների կիրառմամբ: Անում եմ, քանի որ հավատում եմ դրա անհրաժեշտությանը:

Ես լավատես եմ, որովհետեւ զբաղվում եմ կինոյով, եւ հոռետես եմ, որովհետեւ մեր իրականության շրջանակում Հայաստանում կինեմատոգրաֆի հետագա զարգացումը չեմ տեսնում:

Նախկինում ինքնագնահատման խնդիրներ ունեի: Հիմա հասկանում եմ, որ դրանք առաջացել էին ինքս ինձ չճանաչելու, իմ հանդեպ անվստահության պատճառով: Սակայն ամեն ինչ փոխվել է: Ես իրադարձություններին թույլ եմ տալիս կատարվել, մտքերին՝ ծնվել: Ես ընդունում եմ ամեն ինչ՝ առանց գնահատականների եւ դատողությունների: Ինքս ինձ թույլ եմ տալիս  լինել ինչպիսին որ կամ, իսկ մյուսներին, ինչպիսին որ իրենք են:

Քննադատությանը հիվանդագին եմ վերաբերվում: Խորը ապրումներ եմ ունենում, ինձ դուրս եմ գրում, բայց միշտ հարություն եմ առնում եւ նոր ուժով նորից պայքարի մղվում:

Շրջապատս ինձ տարօրինակ, նույնիսկ խանգարված է համարում:

Քաղաքականության, փոփոխությունների եւ հայրենասիրության մասին

Ինձ մտահոգում է իմ երկրի ապագան, եւ միաժամանակ, քաղաքականությունը հետաքրքրում է ճիշտ այնքան, որքան հնարավոր է տաքսու վարորդի հետ զրույց ծավալել: Ես համոզված եմ, որ քաղաքականությունն ու կրոնը, ինչպես երբեք, մարդկանց իրարից բաժանում են եւ սրտերն անողոք դարձնում: Իսկ իմ կյանքում սիրտը կարեւոր տեղ ունի: Ես նկատի ունեմ, որ քաղաքականության մեջ հաստատապես չկա ոգեշնչում ու ուրախություն: Բայց ուժեղ անհատները կարող են առաջնորդել ժողովրդի ոգին, եւ հենց այստեղ սարսափելի է դառնում՝ իր հետեւից որքան հեռու կարող է տանել:

Չեմ սիրում «հանրահավաք» բառը, նախընտրում եմ «չհամաձայնողների ժողովը»: Ընդհանրապես, բազմությունն ինձ վախեցնում է: Բայց միայն մեկ անգամ՝ այս տարվա ապրիլի 23-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակում ելույթ էր ունենում, ինձ համար անսահման մեծ պարգեւ էր լինել ժողովրդի բուն սրտում: Երիտասարդության եւ գեղեցկության անհավանական էներգիան ինձ ոտքից գլուխ պարուրել էր: Ինչ-որ պահի ես ինձ զգում էի Բերնարդո Բերտոլուչիի ֆիլմի հերոսուհին: Դա հզոր զգացում էր: Շատ հզոր:

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ուրախացնող էր ընդհանուր հանդարտությունը: Ինչ-որ հրաշագործ եղանակով էլեկտրականացված օդը մի ակնթարթում լիցքաթափվեց: Եթե կինոյի լեզվով ասեմ, ապա տեղի ունեցավ որոշակի կատարսիս: Մարդիկ ուրախ էին միմյանց հանդեպ, եւ դա անչափ անկեղծ էր: Ընդհանուր առմամբ, վերջին իրադարձությունները շատ կինեմատոգրաֆիական էին. ես ինձ հաճախ եմ բռնացնում այն մտքի վրա, որ լինում եմ սիրելի ռեժիսորների՝ Գոդարից մինչեւ Կուստուրիցա պատմություններում:

Կայունացած բոլոր կանոնների պայթյունը հանգեցրեց փոփոխությունների գիտակցության մեջ: Հին համակարգը կամացուկ հեռանում է, նորը դեռեւս անվստահ է կառուցվում, տնայնագործաբար, բայց մարդկային ռեսուրսների նման կորուստից հետո այլ կերպ չէր կարող լինել: Սրտի թրթիռով ակնկալում եմ ապագայում դրական փոփոխություններ: Չէ՞ որ դրամատուրգիայի օրենքներով՝ սյուժեն կոնֆլիկտային իրավիճակների շղթա է, որի մեջ մշտապես առկա է տարրերի անսպասելի զարգացում: Հաստատ է, որ մեր իրականության մեջ կարող է ծնվել ինչ-որ հետաքրքիր եւ նոր բան:

Ես փոփոխությունները կսկսեի մշակույթից: Վերջերս կարդում էի հրաշալի ռեժիսոր եւ մանկավարժ Եվգենի Վախթանգովի հիշողությունները: Եվ գիտեք, նա, ինչպես եւ Կոնստանտին Ստանիսլավսկին, սեփական թատրոնը ստեղծել է ավերածության եւ սովի մեջ գտնվող անկումային Ռուսաստանում: Ստուդիայի ուսանողները Վախթանգովի արվեստանոց էին գալիս ծանր աշխատանքային օրից հետո, ֆիզիկապես ուժասպառ, եւ մինչեւ ուշ գիշեր փորձեր էին անում ու ստեղծագործություններ ընտրում: Իսկ եթե չլինեին թատրոնը, երաժշտությունը եւ կինոն, ոչ մի լավ բան չէր լինի: Բայց այդ ժամանակ անհատականություններ կային, որոնք իրենց ուժն էին ներդնում մշակույթի մեջ, մեզ մոտ այս իմաստով գնալով ավելի ու ավելի է վատանում:  

Ես հետիոտն եմ: Մինչ ինչ-որ տեղ եմ գնում, ականջակալներով որեւիցե հետաքրքիր բան եմ լսում, միաժամանակ պահպանում եմ ֆիզիկական վիճակս: Շատ կուզեի, որ մեր քաղաքում ազատ տարածություններն ավելի շատ լինեին: Որ հնարավոր լիներ փողոցներով հանգիստ անցնել հեծանվով, մոտոցիկլետով, ոտքով: Հիմա այնքան շատ մեքենաներ եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կան, որ առանց սթրեսի տեղաշարժվելու ոչ մի հնարավորություն չկա: Եկեք երկիր ավտոմեքենաների ներմուծման սահմանափակում մտցնենք: Ի դեպ, ո՞ւր են անհետանում հին, ոչ պիտանի կամ հնացած մեքենաները: Այդ ժեշտն ինչ-որ ձեւով օգտագործո՞ւմ են:

Ալեքսանդր Թամանյանը ծնվել եւ մեծացել է Կրասնոդարում, Հայաստանում երբեք չէր եղել մինչեւ 40 տարեկանը: Սակայն հենց նա կառուցեց բոլոր հայերի մայրաքաղաքը, որի համար ինչպիսի՜ զրկանքների էր ենթարկվել: Կոմիտասը ծնվել է Թուրքիայում, հայերեն սովորել է Էջմիածնում, որտեղ տակավին մանուկ տարիքում ընդունվել է եկեղեցական երգչախումբ: Նա դարձավ հայկական երաժշտական ազգագրության հիմնադիրը, անտարբերության եւ ցավի կիլոմետրեր հաղթահարեց, բայց նրա շնորհիվ հայկական երաժշտությունը ճանաչեցին ամբողջ Եվրոպայում: Համո Բեկնազարյանը հայկական ազգային կինեմատոգրաֆում արեց նույնը, ինչ Կոմիտասը երաժշտության մեջ: Այս մարդիկ իսկական հայրենասերներ էին՝ առանց ավելորդ պաթոսի:

Սեռական փոքրամասնությունների ու ընտանեկան բռնության մասին

2000-ականներին Երեւանում ես հայտնվեցի իրական մարգինալների շրջանում։ Ես 14 տարեկան էի եւ բախվեցի այնպիսի երեւույթի, երբ մարդիկ գիտակցաբար փոխում էին իրենց սեռական կողմնորոշումը՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը սեփական անձի ու հասարակության նկատմամբ։ Ստացվում է հետաքրքրական պատկեր՝ մի կողմից ապստամբող լեզբուհի, մյուս կողմից՝ հոմոսեքսուալներ՝ սեռական ինքնությամբ։

Եվ բոլոր այդ մարդիկ ու մյուս լյումպենները ինչ-որ կերպ հաշտ ապրում էին նահապետական Երեւանում, նրանք նորմերի իրենց կանոնագիրքն ունեին։ Եվ ահա մտածում եմ՝ կարիք կա՞ մարդկանց բաժանել «մերոնց» եւ «այլոց», լինի դա կրոնը, լեզուն կամ մտածելակերպը։ Չէ՞ որ մերժումը ծնում է բողոքի ավելի մեծ ալիք ընդդեմ մերժողների։ Եկեք հանդարտվենք։

Հայկական ավանդական ընտանիքին սպառնում է ոչ թե հինգերորդ հարկի Հովիկի սեռական կողմնորոշումը, այլ մշակույթի բացակայությունն ու, այո, ֆինանսական անկայունությունը։

Ընտանեկան բռնության հարցը Հայաստանում շատ լուրջ է։ Դա հոգեբանական եւ սոցիալական կարգի խնդիրն է։ Բռնությունը ոչ մի ձեւով ընդունելի չէ։ Որպես կանոն, դրան են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր չգիտեն իրենց հնարավորությունների մասին, լռակյաց են եւ փխրուն։ Ուրեմն պայքարը պետք է սկսել դրանից. սովորել հարգել ինքդ քեզ եւ հակահարված տալ:

Փողի, վախերի եւ շարժառիթների մասին

Փողերս ծախսում եմ գրքերի, նոր գիտելիքներ ձեռք բերելու վրա, ստեղծում եմ երեխաներիս հարմոնիկ զարգացման միջավայր։ Չեմ գնում «թրենդային» իրեր, չեմ կուտակում ծերության համար։

Իմ ամենամեծ վախը սեփական իրականության կորուստն է, իսկ ավելի քիչ եմ վախենում հանրային ելույթներից։

Լիցքավորվում եմ ինձ բարի բաներով շրջապատելով։

Նայում եմ, կարդում, ուսումնասիրում եմ եւ ամեն օր ինքս ինձ հարցեր եմ տալիս։ Օրինակ՝ իմ որդին, որը 4 տարեկան է, ինձ մի օր հարցրեց. «Ինչպե՞ս են ձկները ջուր խմում»։ Այդ հարցն ինձ ուղղակի ցնցեց, քանի որ երբեք այդ մասին չէի մտածել։

Ի դեպ, շնորհակալություն հայտնելու կարողությունը շատ է օգնում անձնական աճի հարցում։ Շնորհակալություն ասա բոլոր նրանց, ով քեզ համար ինչ-որ լավ կամ վատ բան է արել։ Բոլոր այդ մարդիկ եւ իրադարձությունները քեզ արտասավոր անհատականություն են դարձնում։ Այնպես որ՝ շնորհակալություն։

Հանդերձանքի եւ դիմահարդարման մասին

Սիրում եմ թեթեւ եւ հարմարավետ հագուստ։ Խառնում եմ ոճերը, իմ սեփականն եմ մտածում։ Կյանքի տարբեր ժամանակահատվածներում ճաշակս փոխվել է, սակայն պարզությունն ու հարմարավետությունը՝ երբեք։ Դպրոցական տարիներից ինքս էի գնում իմ իրերը, ընկերուհուս հետ գնում էինք անհավանական շատ քանակությամբ ջինսեր՝ ամենատարբեր ձեւերի ու գույների։ Հիշում եմ՝ ինչպես ոչ մեծ ճամպրուկի չափերի պայուսակ կարեցինք։ Հրաշալի էր։

Խենթանում եմ օվերսայզ հագուստի համար։ Կար ժամանակ, որ նույնիսկ կրում էի մեծ չափսերի տղամարդու ջինսեր՝ գոտիով, խոշոր գործվածքներով սվիտերի տակ, Grinders-ի կոշիկների հետ եւ Մերիլին Մենսոնի դիմահարդարմամբ։

Նաեւ կրում էի երկար զգեստներ, իսկ ձեռքիս երկար գործած ձեռնոցներ, իսկ իմ կերպարը լրացնում էր հաստ կանթիկներով ճամպրուկ-պայուսակը։ Իսկ դուք ինչ էիք մտածում։

Դիմահարդարվել սկսել եմ դեռ դպրոցում, ավարտական դասարաններում։ Դա «սմոքի այս» էր, երբ սեւ մատիտով սպառնալիք ես ներշնչում եւ բրուտալ տեսք հաղորդում քո դեռահասային խոցելիությանը։ Իմ ներկա «ես»-ի ու «սմոքի այս»-ով «ես»-ի միջեւ անհաղթահարելի հեռավորություն կա։ Այժմ դիմահարդարվում եմ քիչ քնելու հետքերը թաքցնելու համար։

Դեռահասության տարիքում տանել չէի կարողանում իմ մարմինը։ Այս ամենը ծնել էր մի շարք բարդույթներ։ Երբ նայում եմ այն ժամանակվա իմ լուսանկարները, զարմանում եմ, թե ինչպես կարելի է ծաղրել սեփական անձը՝ ուժասպառ լինելով դիետաների եւ դեղամիջոցների միջոցով։ Չէ՞ որ կարող էի ոտքերս տնկել ՝ այդպես էլ չիմանալով, որ հիմար եմ եղել։ Այժմ ես ինձ դուր եմ գալիս նույնիսկ ավելորդ քաշով։ Դա իր հրաշագեղությունն ունի։ Կարելի է երբեմն վայելել նութելան չիփսերով՝ ինքդ քեզ համոզելով, որ դա ոչ թե ցելյուլիտի բույն է, այլ հմայքի գրավական։  

20 տարեկանում 30-ամյաները ծերեր են թվում։ Առաջին բշտիկների հայտնվելու հետ սպասվում է «կնճիռների երթը», որոնք ջանադրաբար ծածկում ես մայրիկի կրեմներով։ Իրականում մեծանալու գործընթացից հաճույք ստանալ չկարողանալը մեծ ողբերգություն է։ Ծերացող բարբի տիկնիկները ամենատխուր չարիքներն են։

Այս կանայք ու տղամարդիկ կորցրել են իրականության զգացումը։ Արտաքին տեսքի եւ գեղեցկության նկատմամբ վերաբերմունքը այնքան խեղաթյուրված է, որ նույնիսկ սարսափելի է։ Ես ճանաչում եմ 50+ տարիքի շատ գեղեցիկ կանանց, եւ երջանկություն է գրավիչ ու ներդաշնակ տեսք ունենալ այդ տարիքում։

Երազանքի, համոզմունքների եւ ազդեցիկ մարդկանց մասին

Միտումները փոխվում են ինտերնետ հանրության զարգացման արագության հետ։ Այսօր, կարծես թե, ամեն մեկը, որը կհասկանա մեծամասնության պահանջները, կարող է համացանցի միջոցով «կառավարել եղանակը»։

Այս գործընթացը նման է ծամոնի ստեղծման գործընթացին՝ ինչ–որ բան, որը կազմված է ոչ ուտելի զանգվածից տարատեսակ սննդային հավելումներով։ Այդ իսկ պատճառով պետք է սովորեցնել ինքդ քեզ մտածել քննադատորեն, սա, ընդհանուր առմամբ, կրթության շատ կարեւոր բաղկացուցիչ է։

Ես երազում եմ այնպիսի աշխարհի, հասարակության, միջավայրի մասին, որտեղ իրերը կծառայեն մարդկանց, ոչ թե հակառակը։ Որտեղ մարդիկ կկարողանան ապրել եւ ազատ ճանապարհորդել առանց սահմանների եւ սահմանագծերի։

Երազում եմ, որ խաղատները, համակարգչային խաղերը, սոցցանցերը կորցնեն իրենց նշանակությունը, ռասան, կրոնը, մաշկի գույնը եւ այլ տարբերակող նշանները անհետանան։ Ցանկանում եմ, որ իրական կյանքը հետաքրքիր եւ հագեցած լինի, եւ այդ ժամանակ դրանից փախչելու կարիք չի լինի։

Հավատում եմ մտքի ուժին։ 

Լուսանկարները ՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am 

Հարցազրույց նախագծի մյուս մասնակիցների հետ

1. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անի Մովսիսյան)

2. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ջեմմա Փանոյան)

3. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Նատալյա Զալիբեկյան)

4. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ինեսա Մկրտչյան)

5. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ելենա Գեւորգովա)

6. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անահիտ Թադեւոսյան)

7. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Լիլիթ Մովսիսյան) 

8. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Սոնա Ազարյան) 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ