News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է «Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով» նախագիծը: Գաղափարի հեղինակ Անի Աֆյանը զրուցել է Հայաստանում բնակվող երիտասարդ կանանց հետ եւ հարցրել նրանց «Թավշյա հեղափոխության» եւ ընտանեկան բռնության, համընդհանուր տագնապների եւ անձնական վախերի, ոճի եւ ավելորդ քաշի մասին. մի խոսքով՝ ամեն ինչի մասին: Հիմա եւ այստեղ: Անկեղծ: Դեմ առ դեմ: 

Ելենա Գեւորգովան բժիշկ-գինեկոլոգ է: Զբաղվում է անպտղության եւ երեխաների ծնունդի հետ կապված այլ բարդությունների խնդիրներով: Բայց ոչ միայն: Նրա թեման է այն ամենը, ինչ վերաբերում է կնոջ առողջությանը:

Մասնագիտության եւ իր մասին

Ես երջանիկ մարդ եմ, քանի որ սիրելի գործով եմ զբաղվում:

Իմ ոլորտում ամենագլխավոր խնդիրներն են՝ բժշկին ուշ դիմելը (հայ կինը մինչեւ վերջ դիմանում է) եւ ոչ գրագետ կոնտրացեպցիան, ինչը հանգեցնում է աբորտների չափազանց մեծ տոկոսի: Սա ամենից շատ է վշտացնում:

Սիրում եմ իմ տարիքը: Շուտով 40 տարեկան կդառնամ եւ ինձ հոյակապ եմ զգում: Կենսաբանական ծերացումն, իհարկե, անխուսափելի է, ես դա հասկանում եմ եւ փորձում նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Ամեն տարի ավելի խիստ եմ վերաբերվում առողջությանս. ժամանակին հետազոտվում եմ, անալիզներ հանձնում, վիտամիններ ընդունում: Մեծանալն ինձ ամենեւին չի վախեցնում, նախատեսում եմ առույգ ծեր կին լինել:

Չեմ սիրում անկոչ քննադատությունը, քանի որ դա անդաստիարակության դրսեւորում եմ համարում: Աշխարհում չափազանց սակավաթիվ են այն մարդիկ, որոնց դիտողությունները կարող եմ իրապես լուրջ ընդունել: Հաճախ ինքս եմ նրանցից խորհուրդ հարցնում՝ այդ ընթացքում անհարմարավետություն չզգալով:

Ինքնագնահատման հետ կապված խնդիրներ արդյոք ունե՞մ: Ո՛չ: Հաստատապես:

Ես իրատես-լավատես եմ, որովհետեւ մեզ մի կյանք է տրված, եւ այն կարճատեւ է: Այնպես որ, չի կարելի այն վատնել նվնվոցի, խաբեության եւ տաղտկալիության վրա:

Շրջապատիս մարդիկ ինձ հաճախ հայուհու չեն նմանեցնում: Երբ ասում եմ, որ տատիկս ռուս է, ապա լսում եմ. «Այ, հիմա հասկանալի է»: Բայց բանն այն է, որ ես ընդհանրապես վոլգաբնակ տատիկիս նման չեմ, որը խարտյաշ մազեր, կճատ քիթ եւ ընդարձակ կազմվածք ունի: Ինձ անգամ Լենա են անվանակոչել ոչ թե ռուս, այլ հայ տատիս պատվին:

Քաղաքականության, փոփոխությունների եւ հայրենասիրության մասին

«Հայրենասերը» բարի եւ խաղաղ բառ է, որը նշանակում է սեր քո հողի, լեզվի, մարդկանց, երկրի հանդեպ: Այս բառը պետք է փայփայել եւ չվերածել այնպիսի հասկացությունների, ինչպես ֆաշիզմը, նացիզմը եւ ռասիզմը:

Այո՛, ես հայրենասեր եմ: Մոսկվայում 20 տարի բնակվելուց հետո, որտեղ ամեն ինչ ունեի՝ բնակարան, մեքենա, ճանաչում եւ լավ վարձատրվող աշխատանք, ես, այնուամենայնիվ, Երեւան վերադարձա:

Մենք փոքր երկրում ենք ապրում զարմանալի վերափոխումների դարաշրջանում, այնպես որ՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի ստացվի քաղաքականությունից դուրս մնալ:

Քաղաքական իրադարձությունների վերաբերյալ իմ տեսակետն արտահայտելուն ինձ ոչինչ չի խանգարում, բայց ինձ այս հարցում բավարար բանատեղյակ չեմ զգում, իսկ զգացմունքների եւ զգացողությունների մակարդակում քննարկելը սխալ եմ համարում:

«Թավշյա» հանրահավաքներին չեմ մասնակցել, քանի որ այդ ժամանակ Մոսկվայում էի: Սակայն վստահաբար կարող եմ ասել, որ հակառակ դեպքում կմիանայի, քանի որ ինչպես այդ ժամանակ, այդպես էլ հիմա այդ իրադարձությունն ընդունում եմ: Հասունացել է փոփոխությունների անհրաժեշտությունը, եւ ժողովրդի միավորումը հենց այս հողում ապրելու եւ լավ ապրելու պատրաստակամության ու ցանկության լավ ցուցանիշ է: Ես, թերեւս, ոչ մի այլ հանրահավաքի այլեւս չէի գնա: Բազմությունն ինձ չի վախեցնում միայն ռոք համերգներին, ես այնտեղ յուրային եմ, իսկ մարդկանց ցանկացած այլ կուտակումից նախընտրում եմ խուսափել:

Հեղափոխության բուն գործընթացում ինձ սարսափելի վշտացնում էր նոր շարքերում չկանգնած անհատների հետապնդումը: Այդ բոլոր սգո ժապավեները, դժոխային կոլաժները, այդ մարդկանց երեխաների եւ հարազատների վրա ցեխ շպրտելը ստորություն է եւ անթույլատրելի: Ես հասկանում եմ, որ եռացող արյունը գիտակցությունը մշուշում է, բայց հենց նման պահերին է կարեւոր տարրական քաղաքավարության եւ վեհանձնության նորմերը պահպանելը:

Հեղափոխությունից հետո որոշ քաղաքացիներ որոշեցին, թե բավարար էր հանրահավաքների գնալ ու վերափոխումներին նպաստել, ու ահա նոր իշխանությունն արդեն իրենց պարտական է:

Մենք կես տարի հետո ոչ մի կերպ չենք կարող հայտնվել բարձր աշխատավարձերով եւ մեծ սոցիալական աջակցությամբ բարգավաճող երկրում: Դա երկար ճանապարհ է, եւ նոր պայմանները բարեկեցության հասնել թույլ կտան միայն քրտնաջան ու գրագետ աշխատանքի ճանապարհով: Սա միլիոնի շահույթով վիճակախաղ չէ՝ մեկ ակնդարդ, և մենք ամբողջ երկրով հայտնվել ենք Լազուրե ափին՝ «Մարգարիտա» կոկտեյլը ձեռքներիս, եւ նոր «պապան» բոլոր հարցերը լուծում է: Իսկ մի շարք պարոնների սպասումները հենց այդպիսին էին: Ուստի որոշ ժամանակ անց նախնական սխալ ակնկալիքների պատճառով կսկսվի հիասթափության գործընթացը:

Մեծ թվով խնդիրներ իշխանություններից կախված չէին: Ո՛չ նախկին, ո՛չ ներկայիս: Սերժ Սարգսյանը չէր քաղաքով մեկ արեւածաղկի սերմեր չրթում, նրա եղբայրը չէր զբոսաշրջիկներին հիմարեցնում՝ Երեւանի ջրամբարը որպես Սեւանա լիճ ներկայացնելով, նրա կինը չէր վերելակի կոճակներն այրում եւ շան բնական կարիքները հենց շքամուտքում հոգում: Այս ամենը մենք ենք արել: Մեզանից յուրաքանչյուրը:

Իմ տրամադրությունը քիչ է կախված քաղաքական իրադրությունից, բայց ինձ դուր է գալիս խորհրդարանական այգում զբոսնելը, կարծում եմ՝ սա ազատության կարեւոր մարկեր է:

Հասարակական տրանսպորտից չեմ օգտվում: Հազվադեպ՝ տաքսուց: Քաղաքը գրավել են խցանումները, եւ այս խնդիրը պետք է ինչ-որ ձեւով լուծել: Կարծում եմ՝ անհրաժեշտ է պրոֆեսիոնալների գտնել եւ ստեղծել արտակարգ տրանսպորտային ցանց: Հույս ունեմ, որ նոր իշխանությունը համաձայն է ինձ հետ:

Սեռական փոքրամասնությունների ու ընտանեկան բռնության մասին

Իմ շրջապատում ոչ ավանդական կողմնորոշմամբ շատ մարդիկ կան, դրանում ոչ մի տարօրինակ բան չկա: Հոմո- եւ բիսեքսուալ մարդկանց մեծամասնությունը ծնվում է այդպիսի սեքսուալ տարբերակներով: Ես մարդկանց չեմ գնահատում սեքսում նրանց նախապատվություններով, դա յուրաքանչյուրի անձնական գործն է:

Հայաստանում նույնասեռականների համար դժվար է ապրել, հատկապես՝ եթե նրանց արտաքինից կարելի է հասկանալ փոքրամասնությանը պատկանելը: Մեր հասարակության ագրեսիայի պատճառը կարելի է հասկանալ՝ դա թույլերի վախն է: Իսկ եթե ավանդական հայկական ընտանիքին ինչ-որ բան անգամ սպառնում է, ապա հաստատապես ոչ մեր երկրում նույնասեռական մարդկանց առկայությունը: Հայկական ավանդական ընտանիքի պահպանման վերաբերյալ անհանգստության ավելի ծանրակշիռ պատճառներ կան՝ դա ամուսնացողների հոգեբանորեն ոչ հասուն լինելն է, անհավատարմությունը, հակաբեղմնավորման եւ պլանավորման հանդեպ անգրագետ մոտեցումը եւ այլն:

Մասնագիտության բերումով ես հաճախ եմ բախվում ընտանեկան բռնության դրսեւորմանը: Շատերը կարծում են, թե ընտանեկան բռնությունը միայն կնոջը բռնաբարելն ու տանը ծեծելն է: Հաճախ հենց այդպես է, բայց խնդիրը շատ ավելի լայն է: Օրինակ՝ վաղ հարկադրված ամուսնությունները եւս բռնություն է: Աղջկան ամուսնացնում ու ուղարկում են օտար ընտանիք, քանի որ դժվար է կերակրելը, նա սեռական կապի մեջ է մտնում՝ ո՛չ ֆիզիոլոգիապես, ո՛չ հոգեբանորեն պատրաստ չլինելով: Ճնշված սեքսուալության հետեւանքներն են աններդաշնակությունը, նեւրոզները, եւ սա նույնպես բռնություն է:

Վարակումը, աբորտները, մասնավորապես՝ սելեկտիվ, բժշկին ժամանակին դիմելու անհնարինությունը՝ այս ամենը բռնություն է: Խնդրի լուծումը կյանքի որակի փուլային բարելավումն է, բժշկական եւ հոգեբանական օգնության հասանելիությունը, ինչպես նաեւ «վայրենի» մենթալիտետի փոփոխությունը:

Փողի, վախերի եւ շարժառիթների մասին

Փողին շատ հարգալից եմ վերաբերվում, գիտեմ դրա արժեքը: Ես բյուջեն հոյակապ եմ պլանավորում, երբեք անիմաստ չեմ ծախսում, բայց դա այն պատճառով, որ ի սկզբանե կա «հենց այնպես» ծախսելու կետ: Ծախսերի ամենամեծ հոդվածը որդուս կրթությունն է:

Տարօրինակ է հնչում, բայց ես ինձ չեմ մոտիվացնում: Դե, ոչ մի կերպ: Անկեղծ ասած՝ ես նույնիսկ այնքան էլ չեմ հասկանում, թե դա ինչ է: Ես պարզապես սիրում եմ սուրճ ըմպել՝ նայելով քաղաքի առավոտվա մշուշաքողին, հագնել սպիտակ ճռթճռթացող խալաթ եւ «դրական թեստեր» ստանալ: Հաճույք եմ ստանում որդուս մեծանալով, կյանքի հանդեպ նրա վերաբերմունքով եւ մեր զրույցներով: Պաշտում եմ համեղ կերակուրը եւ գինին, համերգ հաճախելը, պարելը եւ երգելը, չնայած ինձ մոտ բավականին միջակ է ստացվում:

Ես մահից վախենում եմ: Ոչ թե բուն փաստից, այլ կյանքին երկարատեւ եւ տանջալից հրաժեշտից:

Հանդերձանքի, դիմահարդարման եւ ավելորդ քաշի մասին

Որտեղի՞ց իմացաք իմ ավելորդ 5 կգ-ի մասին: Երեւում է հա՞: Կներեք, վազեմ հնդկաձավարի վրա եռացրած ջուր լցնեմ  եւ վերադառնամ: Իհարկե, կատակում եմ: Ես իմ քաշը գրամներով գիտեմ, իրավիճակը վերահսկում եմ, սակայն ոչ մի ավելորդ կիլոգրամ ինձ դեպրեսիայի մեջ չի գցի: Սա միայն պատճառ է ախորժակը չափավորելու եւ ակտիվությունը մեծացնելու համար: Ի դեպ, ես մարզադահլիճ հաճախել չեմ սիրում: Ներկայումս դա փաստացի քամինգ-աութ է:

Քաշի խախտումները չնկատել չեմ կարող: Դա իմ աշխատանքն է: Շատերը քողարկվելով «գենետիկայով, մեծ ոսկոր ունենալով կամ սթրեսով»՝ ուղղակի չեն վերահսկում իրենց սննդային վարքը, իսկ դա առողջության եւ գեղեցկության կարեւոր պայման է: Նկատելի ավելորդ քաշի դեպքում առաջին հերթին պետք է բժշկի դիմել: Չափից ավելի կոչային ու խորհրդային ձեւով է հնչում, բայց հենց քո ֆիզիոլոգիայի գնահատականն է քաշի վերահսկման ճանապարհին առաջին եւ կարեւոր քայլը: Մի ամբողջ կույտ պատճառներ կան, որոնք նիհարելն արգելակում են: Դա կարող է լինել հորմոնալ կամ վիտամինային դեֆիցիտի, անեմիայի ախտանշան եւ այլն:

Գեղեցկության ներկայիս չափանիշները քաշն արտացոլում են նորմայի ստորին սահմանին, հենց այս պատճառով քաշի կատարյալ կետի հասնելու ձգտումը հաճախ կրում է բնության դեմ դաժան պայքարի բնույթ: Սա գործարկել է ֆիթնեսի, սնունդի եւ նորաձեւության գործընթացների մի ամբողջ կասկադ: Հետո մարդիկ հոգնել են, նեւրոզ եւ դեպրեսիա վաստակել, «հիվանդացել» են ՃՍ-ով (ճիշտ սննդակարգ) եւ ԱԿԿ-ով (առողջ կենսակերպ), եւ հակառակ կողմն են թեքվել, եւ ահա երեւան է եկել բոդիպոզիտիվը: Մի փոքր էլ սպասենք, եւ ֆիթնեսամոլները կրկին իրենց կվերադարձնեն գահը:

Ես ավելի շուտ հարմարավետ, քան նորաձեւ հագուստ եմ նախընտրում: Ես սկզբունք ունեմ՝ եթե նոր իր եմ գնում, դա նշանակում է, որ հներից մեկից պետք է ազատվել: Իմ պահարանում մշտապես ազատ կախիչներ կան: Բավականին սառն եմ վերաբերվում հագուստի ընտրությանը, նախընտրում եմ դասականը կամ casual բազան:

Շոփինգն ինձ հաճույք չի պատճառում, եւ ես հաստատ այն կանանցից չեմ, ովքեր երազում նոր զգեստ կամ կոշիկ են տեսնում: 

Այդուհանդերձ, խելքս իմը չի ամեն տեսակի շարֆերի, պալանտինների եւ գլխաշորերի համար: Պարզվում է՝ գրեթե 50 հատ ունեմ:

Իմ սիրելի իրը իմ մեքենան է: Ես այն պաշտում եմ: Ղեկին չեմ հոգնում, ինձ մշտապես հարմարավետ եւ անվտանգ եմ զգում: Իմ մեքենան ինձ բերեց Ռուսաստանից եւ պտտեցրեց ամբողջ Հայաստանով: Այն չի զարդարում ո՛չ շղթայով խաչը, ո՛ր բռնցքամարտի ձեռնոցները, ո՛չ գարշահոտ եղեւնին: Միակ աքսեսուարը թափանցիկ գնդի մեջ սպիտակ խատուտիկն է: Դա իմ պացիենտի նվերն է, ինձ համար շատ թանկ իր:

Սիրում են ներկվել հումանիտար նկատառումներից ելնելով: Ամեն դեպքում շրջապատի մարդկանց ավելի հաճելի է արժանանալ թարմ եւ բնական դեմք տեսնելուն, որին կարելի է հասնել դիմահարդարման միջոցով, եթե բնությունը չի օժտել: Ես չեմ կարողանում դիմահարդարումը որպես դեկորացիա օգտագործել եւ կարծում եմ, որ դա պրոֆեսիոնալների առաձնաշնորհն է, որոնք կարող են գրագետ պատրաստել որեւիցե իրադարձության համար:

Երազանքի, համոզմունքների եւ ազդեցիկ մարդկանց մասին

Ցանկանում եմ մաքուր երկիր տեսնել: Սա իմ գլխավոր երազանքն է: Ընկերներիս հետ այս հարցով մի փոքր զբաղվել եմ շաբաթօրյակների կազմակերպման շրջանակում: Հիմա կարող եմ ասել, որ դա համալիր խնդիր է. այստեղ ե՛ւ կոռուպցիա կա ամենավերեւների մակարդակով, ե՛ւ գործադիր կառույցների անփույթ վերաբերմունք, ե՛ւ ամենագլխավորը՝ մարդկային գործոն: Մեզ մաքրության պաշտամունք է պետք: 

Իմ ընկերների շարքում անհավանական մեծ թվով տաղանդավոր մարդիկ կան: Բավական է ձեռքս մեկնեմ եւ ահա նա՝ իր գործին սիրահարված հրաշալի ու տաղանդավոր մարդը: Օրինակ՝ համաշխարհային մակարդակի ցնցող դասական երաժիշտներ Կարեն Շահգալդյանը եւ Մաքսիմ Նովիկովը աներեւակայելի գործեր են անում՝ համերգներ, մրցույթներ, փառատոներ: Սպորտի աշխարհում յուրահատուկ է մարդ-բասկետբոլ Արա Պողոսյանը: Նա Մոսկվայից վերադարձավ եւ իր երազանքն իրականացրեց՝ վերածնեց հայկական բասկետբոլը: Պատկերացրեք մասշտաբը՝ սպորտի մի ամբողջ հատված դուրս եկավ համաշխարհային ասպարեզ, եւ հայկական բասկետբոլի մասին սկսեցին խոսել: Հոյակապ մարդ Ղազար Հակոբյանը Հայաստանում գիշերուզօր զբաղված է վորքաութի զարգացմամբ: Այս շարժումն աճել եւ վերածվել է իսկական մարզական համաճարակի՝ ցնցող վազքով, որն արդեն ավանդական տոն է դարձել: Լսե՞լ եք հայկական աստղագիտության մասին: Բյուրականի մեր աստղադիտարանը գիտական միջավայրում իսկական առաջատար է՝ տնօրեն Արեգ Միքայելյանի ղեկավարությամբ: Այս բոլոր մարդիկ Հայաստանում են ապրում, ինչն աներեւակայելիորեն ոգեւորում է:

Հավատում եմ բարուն: 

Լուսանկարները ՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am 

Հարցազրույց նախագծի մյուս մասնակիցների հետ

1. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անի Մովսիսյան)

2. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ջեմմա Փանոյան)

3. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Նատալյա Զալիբեկյան)

4. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Աննա Արեւշատյան)

5. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ինեսա Մկրտչյան)

6. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անահիտ Թադեւոսյան)

7. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Լիլիթ Մովսիսյան) 

8. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Սոնա Ազարյան) 

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ