Աֆղանստանի հյուսիս-արևելքում Պակիստանի հասցրած ավիահարվածների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել են աֆղան պաշտոնյաները:

Կունար նահանգի վարչակազմի ներկայացուցիչ Ֆարիդ Դեհքանը «Al Jazeera» հեռուստաալիքին հայտնել է, որ երկուշաբթի օրը ավիահարված է հասցրել Նուրգալի շրջանին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել։

Պակիստանի տեղեկատվության նախարարությունը հայտնել է, որ Աֆղանստանում երեք թիրախների ուղղությամբ հասցված ավիահարվածների արդյունքում 28 «ահաբեկիչ» է սպանվել։

Թալիբների խոսնակի տեղակալ Համդուլլա Ֆիթրաթը հայտարարել է, որ Աֆղանստանի հյուսիսարևելյան լեռնային Կունար նահանգում հարձակումների թիրախում առնվազն մեկ բնակելի տուն է հայտնվել, ինչի հետևանքով նույն ընտանիքի երեք անդամ է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել:

«Պակտիկա նահանգի Բարմալ շրջանում երկու օբյեկտ է թիրախավորվել, ինչի հետևանքով ավերվել են մեկ խանութ և մեկ դատարկ տուն։ Զոհեր չկան», — նշել է նա։

Այս հարձակումները սպառնում են վերստին բորբոքել հարևան երկրների միջև լարվածությունը՝ գրեթե երեք ամիս տևած հարաբերական անդորրից հետո։ Նախկին դաշնակիցների միջև հարաբերությունները սրվել են դեռևս փետրվարից, երբ նրանց միջև տեղի ունեցան վերջին տարիների ամենալուրջ բախումները։

Հակամարտությունը թեժացել է Պակիստանում բռնությունների աճի ֆոնին. Իսլամաբադը մեղադրում է Քաբուլին Աֆղանստանի տարածքից անդրսահմանային հարձակումներ իրականացնող զինված խմբավորումներին թաքցնելու և հովանավորելու մեջ: Աֆղանստանում թալիբների կառավարությունը հերքում է այս մեղադրանքները՝ պնդելով, որ բռնությունները Պակիստանի ներքին խնդիրն են։

Երկուշաբթի օրվա ավիահարվածներն իրականացվել են այն բանից մի քանի օր անց, երբ պակիստանյան թալիբների խմբավորումներից մեկը հայտարարեց Պակիստանի հյուսիս-արևմտյան Կոհատի ոստիկանական բաժանմունքի տարածքում գտնվող մզկիթում պայթյուն իրականացնելու մասին։ Պակիստանցի պաշտոնյաների փոխանցմամբ՝ պայթյունի և դրան հաջորդած փոխհրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, հիմնականում՝ ոստիկանության աշխատակիցներ։