Ռումինիայի Կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության (DIICOT) աշխատակիցները ձերբակալել են Ջորջեսկուին և նրան տեղափոխել տուն՝ խուզարկություն իրականացնելու համար, հայտնում է Digi24 պարբերականը։
DIICOT-ից պաշտոնապես հայտնել են ենթադրյալ խարդախության գործով խուզարկությունների մասին, որի հասցված վնասը գերազանցում է մեկ միլիոն եվրոն։ Գերատեսչության տվյալներով՝ քննության շրջանակում ներգրավված են Ռումինիայի երկու քաղաքացի և Իտալիայի մեկ քաղաքացի, հաղորդում է BBC-ն։
Ինչպես հայտնել են DIICOT-ից, կասկածյալները խաբում էին ռումինացի ձեռնարկատերերին՝ նրանց խոստանալով ֆինանսավորում արտասահմանյան բանկերից։ Կասկածյալների անունները չեն հրապարակվում։ Digi24-ի տվյալներով՝ քննչական մարմինը Ջորջեսկուին է համարում սխեմայի կազմակերպիչը։
2024 թվականին Ջորջեսկուն, որը ազգայնական հայացքներ ունեցող քաղաքական գործիչ է, մասնակցել էր Ռումինիայում անցկացված նախագահական ընտրություններին և առաջին փուլում զբաղեցրել էր առաջին տեղը։ Սակայն հետո դատարանը չեղարկել էր ընտրությունների արդյունքները՝ դա հիմնավորելով ընտրարշավին Ռուսաստանի միջամտությամբ։
Նա արդեն քննության տակ է գտնվում այլ գործերով, դրանց թվում՝ սահմանադրական կարգը տապալելու փորձի, կեղծ տեղեկություններ տարածելու և հակասեմական կազմակերպություն ստեղծելու գործերով։





























