Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ֆրանսիան և Կանադան մնում են «երկու մեծ անկախ ազգեր և ցանկանում են պահպանել այդ կարգավիճակը»։
Երկկողմ գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել Կանադայի Ատլանտյան ափի մոտ գտնվող ֆրանսիական Սեն Պիեռ և Միքելոն տարածքում, անցկացվել է երկու երկրների՝ ԱՄՆ-ի հետ գնալով ավելի լարված հարաբերությունների ֆոնին, հաղորդում է Euronews-ը։
Մարկ Քարնին հայտարարել է, որ եկել է Ֆրանսիայի և Եվրամիության հետ կապերը էապես ամրապնդելու ժամանակը։ Այս խոսքերը հնչել են Բրյուսել և Ստրասբուրգ նրա աղմկահարույց այցից հետո, որտեղ Եվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել է Կանադային միության «ասոցացված անդամի» կարգավիճակ տրամադրել։
Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Փարիզը և Օտտավան համատեղ կաշխատեն առանցքային ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ, ներառյալ ձկնորսությունը, տարածաշրջանային անվտանգությունը և էներգետիկ ենթակառուցվածքները։
Երկկողմ օրակարգից դուրս գալով՝ Քարնին առաջարկել է ստեղծել համագործակցության քառակողմ ձևաչափ՝ Ֆրանսիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և Չինաստանի մասնակցությամբ՝ արհեստական բանականության մշակման և կարգավորման համակարգման համար։
Աշխատանքային ճաշից և նույն օրը ավելի վաղ կղզում անցկացված բարձրաստիճան մի շարք հանդիպումներից հետո առաջնորդները հանդես են եկել հայտարարություններով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը, տնտեսական զիջումների պահանջները և Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելու մասին նրա բազմակի հայտարարություններն Օտտավային դրդել են նվազեցնել հարավային հարևանից կախվածությունը և ձգտել Եվրոպայի հետ ավելի սերտ տնտեսական, պաշտպանական և քաղաքական կապերի։
Շաբաթ օրը ժամանելուն պես Էմանուել Մակրոնը տեղի ունեցողն անվանել է «կարևոր պահ»։ Նա նշել է, որ երկկողմ բանակցությունները «կօգնեն ամրապնդել մեր տնտեսական կապերը և համագործակցությունը պաշտպանության ոլորտում»։
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ կիրակի օրվա բանակցությունները ավելի լայն եվրոպական ջանքերի մի մասն են՝ էներգակիրների կայուն մատակարարումներ ապահովելու համար, քանի որ Իրանում պատերազմը շարունակում է խաթարել համաշխարհային էներգետիկ շուկաների աշխատանքը՝ ուժեղացնելով վառելիքի և այլ կենսականորեն կարևոր ապրանքների գների երկարատև աճի վերաբերյալ մտահոգությունները։
«Կանադան երկիր է, որն ունի կարևորագույն օգտակար հանածոների և հազվագյուտ հողային տարրերի զգալի պաշարներ։ Այն նաև նավթի և բնական գազի խոշոր արտադրող է։ Մենք ցանկանում ենք կնքել համաձայնագրեր, որոնք թույլ կտան ապահովել հեղուկացված բնական գազի լրացուցիչ մատակարարումներ Եվրոպայի ատլանտյան ափ»,- նշել է Էմանուել Մակրոնը։
Մարկ Քարնիի գրասենյակը հայտարարության մեջ հաստատել է, որ առաջնորդները քննարկել են Կանադայի և Ֆրանսիայի միջև գործընկերության խորացումը ռազմավարական ոլորտներում, ներառյալ ավիատիեզերական արդյունաբերությունը, էներգետիկան, կարևորագույն օգտակար հանածոների արդյունահանումը, ինչպես նաև առաջատար տեխնոլոգիաները, ինչպիսիք են քվանտային հաշվարկները, արբանյակային համակարգերը և սուպերհամակարգիչները։
Հանդիպումը տեղի է ունեցել Թրամփի՝ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց, որը նախատեսում է կղզում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնում՝ Դանիայի ինքնիշխանությունը պահպանելու պայմանով, և այդպիսով վերջ է դնում ՆԱՏՕ-ի դաշնակցից այս կիսաինքնավար տարածքը ուժով խլելու նրա ամիսներ շարունակվող սպառնալիքներին։
Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հրապարակայնորեն ողջունել է այդ պայմանավորվածությունը. «Դանիայի ինքնիշխանությունը հարգվում է, միջազգային իրավունքը հարգվում է։ Ամեն ինչ, ինչը նպաստում է լարվածության նվազեցմանը, պետք է դրական գնահատել»։





























