Միջազգային հետաքննող լրագրողների կոնսորցիումի տեղեկություններով՝ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում պաշտոնավարման մեկնարկից ի վեր Վաշինգտոնը երրորդ երկրների հետ կնքված գաղտնի համաձայնությունների շրջանակում արտաքսել է ավելի քան 25 հազար ներգաղթյալի այնպիսի երկրներ, որոնց հետ վերոնշյալ  մարդիկ որևէ կապ չունեն։ Այդ նպատակների համար ԱՄՆ վարչակազմը հատկացրել է 410 միլիոն դոլար, հայտնել է Forbidden Stories լրագրողական ցանցը՝ հղում անելով Deportation Project նախագծի շրջանակում 24 լրատվամիջոցների հետաքննությանը։

Արտաքսվածների մեծ մասը՝ շուրջ 20 հազարը, ավտոբուսներով ուղարկվել է Մեքսիկա, մնացածը՝ ինքնաթիռներով՝ Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 27 երկիր, նշում է լրագրողների կոնսորցիումը, որի կազմում են նաև The Washington Post և The Guardian պարբերականների աշխատակիցները։

Նրանց տվյալներով՝ արտաքսվածների թվում կան մարդիկ, որոնց ԱՄՆ դատարաններն արգելել էին արտաքսել նախնական բնակության երկրներ՝ հետապնդման կամ այլ լուրջ սպառնալիքների վտանգի պատճառով, գրում է DW-ն։ Հետագայում նրանցից ոմանք, այնուամենայնիվ, արտաքսվել են այն պետություններ, ուր ԱՄՆ-ը չէր կարող նրանց անմիջապես ուղարկել։ Հետաքննության մեջ ներկայացվում են Իրանի, Աֆղանստանի, Իրաքի, Ղրղզստանի, Սիեռա Լեոնեի և Գանայի քաղաքացիների դեպքեր, որոնք արտաքսվել են աֆրիկյան երկրներ։ Նման արտաքսումների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել։

Համապատասխան պայմանավորվածություններ ձեռք են բերվել առնվազն 38 երկրների հետ, որոնց գրեթե մեկ երրորդը աֆրիկյան երկրներ են, գրում են հետաքննության հեղինակները։ Ըստ պարբերականի՝ երրորդ երկրների հետ բանակցությունների և համապատասխան վճարումների համար պատասխանատու է ԱՄՆ Պետքարտուղարության քիչ հայտնի ստորաբաժանումը՝ Ռեմիգրացիայի հարցերով բյուրոն։ 2025 թվականի մայիսին ստեղծված կառույցը ղեկավարում է 41-ամյա դիվանագետ Քրիստիան Էրհարդտը։ Ինչպես պարզել են լրագրողները, ծրագրում ներգրավված է նաև Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM), որը մտնում է ՄԱԿ-ի համակարգի մեջ։ 13 երկրներում դրա աշխատակիցները արտաքսված մարդկանց ապահովում են կացարանով, սնունդով և հոգեբանական աջակցությամբ։