NEWS.am-ը շարունակում է «Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով» նախագիծը: Գաղափարի հեղինակ Անի Աֆյանը զրուցել է Հայաստանում բնակվող երիտասարդ կանանց հետ եւ հարցրել նրանց «Թավշյա հեղափոխության» եւ ընտանեկան բռնության, համընդհանուր տագնապների եւ անձնական վախերի, ոճի եւ ավելորդ քաշի մասին. մի խոսքով՝ ամեն ինչի մասին: Հիմա եւ այստեղ: Անկեղծ: Դեմ առ դեմ:

Նաիրա Թովմասյանը սրտաբան է, բժշկական գիտությունների թեկնածու: Սիրում է իր աշխատանքը, իրեն ակտիվ քաղաքացի է համարում եւ ամենից շատ վախենում է հիասթափվել այն մարդկանցից, ում հավատում է:

Մասնագիտության եւ իր մասին

Ես շատ եմ աշխատում ինձ վրա, ձգտում են հետեւել իմ ոլորտի վերջին նվաճումներին: Կարծում եմ, որ ինձ մոտ վատ չի ստացվում բուժել մարդկանց սրտերը, հատկապես, երբ շնորհակալական խոսքեր եմ լսում եւ նախորդների խորհրդով նոր պացիենտների եմ ընդունում: Դժվար թե ցանկանայի փոխել մասնագիտությունս:

Առողջապահության նոր նախարարի նշանակումից հետո այս ոլորտի որոշ ցավոտ հարցեր լուծում են ստանում, չեմ թվարկի, դրանց մասին շատ է խոսվում: Սակայն ինձ համար, որպես բժշկի, շատ կարեւոր է ոչ միայն պացիենտի կյանքը եւ առողջությունը, այլեւ պետության կողմից բարձր որակավորում ունեցող մասնագետների մոտիվացիայի պահպանման մակարդակը: Չէ՞ որ, եթե պետությունը երաշխավորում է իր քաղաքացիների մատչելի կամ անվճար բժշկական սպասարկումը, ապա չպետք է մոռանա, որ ազգի առողջությունն ապահովող մարդիկ պարտավոր չեն անվճար աշխատել կամ գրոշներ ստանալ իրենց աշխատանքի համար միայն այն պատճառով, որ պետությունը բավարար միջոցներ չունի կամ ապահովագրական ընկերությունը ցանկանում է հարստանալ բժիշկների աշխատանքի հաշվին:

Բավականին հաճախ ինձ քննադատում եմ՝ չեմ հասցրել, սա այնպես չեմ արել, այն չասացի, ափսոս, որ լռեցի եւ այլն: Դա իմ էության մի մասն է, ինչն օգնում է չթուլանալ եւ խնդիրների լուծման նոր ուղիներ գտնել:

Չնայած կյանքի բոլոր դժվարություններին՝ ես ինձ լավատես եմ համարում: Լավագույնի սպասումը էներգիայով է լցնում եւ գործողության դրդում: Բացի այդ, ժամանակը փոխում է գոյություն ունեցող իրականությունը եւ նոր հնարավորություններ է տալիս:

Դաստիարաակության եւ համբերատարության պատճառով կարող եմ հարաբերություններում շատ փափուկ թվալ:

Քաղաքականության, փոփոխությունների եւ հայրենասիրության մասին

Այսօր, ինչպես եւ Հայաստանի շատ քաղաքացիներ, ինձ ակտիվ քաղաքացի եմ համարում եւ հետեւում եմ երկրի քաղաքական գործընթացներին: Որոշակի հարցերում, մասնավորապես առողջապահության, ընդհանուր բժշկական ապահովագրության, տնտեսության եւ ներքին քաղաքականության ոլորտին վերաբերող հարցերում, կարծում եմ, ակտիվ դիրք եմ զբաղեցնում եւ իմ կարծիքով՝ սոցցանցերում կարեւոր խնդիրներ եւ դրանց հնարավոր լուծման ուղիներ քննարկում:

Հանրահավաքներին գնացել եմ Թավշյա հեղափոխության առաջին օրերին՝ ոգեւորված սպասվելիք փոփոխություններով: Դժվարությամբ էի պատկերացնում, թե ինչ քաղաքական եւ տնտեսական հեռանկարներ են մեզ սպասվում, սակայն կարեւոր էր վերջապես ազատվել կոռումպացված իշխանությունից եւ կլանից, որը երկիրը համարյա կրախի էր հասցրել: Այդ հանրահավաքներին որոշվում էր պետության ապագան: Մյուս հանրահավաքներին չեմ գնացել: Ժամանակ չկա, բացի այդ, որոշակի հարցերի վերաբերյալ ավելի հեշտ է տեսակետդ սոցցանցերում արտահայտել:

Ես միշտ ասել եմ, որ հեղափոխությունն ինձ բուժել է դեպրեսիայից: Լուրջ: Անելանելիության եւ երկրի ապագայի համար մշտական տագնապի զգացողությունը, առաջնագծում մահացող զինվորները, ժողովրդագրական աղետը եւ աղքատությունը, լկտի թալանը եւ բարձր պաշտոնական դիրքերում ամենաթողությունը, անընդհատ կեղծվող ընտրությունների արդյունքները եւ ամենակարեւորը՝ հասարակությունում իրական արժեքների անկումը եւ նոր, կեղծ արժեքների պաշտամունքը. նախկին իշխանությունների դեպքում այս մտքերը գիշեր-ցերեկ ուղեղիս մեջ էին եւ իհարկե, չէին կարող բավարարվածության եւ երջանկության զգացում ներշնչել: Իսկ հեղափոխությունը հույս տվեց, որ ամեն ինչ կարելի է ավելի պայծառ, ստեղծարար հունով տանել: Հավատ եւ վստահություն առաջացավ, որ ինձ նման մտածողներն իսկապես շատ են: Մնում է քշտել թեւերը եւ աշխատել, աշխատել ու աշխատել: 

Ի՞նչ փոխվեց մեկ տարվա ընթացքում: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ՏԻՄ եւ խորհրդարանական ազնիվ ընտրություններ կայացան: Սակայն մարդիկ ավելի ազատ, վստահ, համբերատար դարձան դրական փոփոխությունների սպասման մեջ:

Ինձ դուր չի գալիս, որ իշխանության եւ ամենաթողության են ձգտում հասարակության պատահական տարրերը միայն նրա համար, որ համապատասխան կեպի, մորուք եւ կարգախոսներ են ունեցել: Ցավոք, նրանցից ոմանք արդեն պաշտոններ են զբաղեցնում: Նման բան մենք տեսել ենք 90-ականներին, միայն քրեական ուղղվածությամբ:

Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է վերանայել հարկային օրենսդրությունը: Մարդկանց հնարավորություն տալ գործնականում, այլ ոչ թե բառերով զարգացնել փոքր եւ միջին բիզնեսը, վերացնել տնտեսության բոլոր ոլորտներում մենաշնորհները: Բնակչության սոցիալական բարեկեցության բարելավումը սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտների զարգացմանը կհանգեցնի:

Երեւանում հիմնականում մեքենայով եմ տեղաշարժվում, երբեմն ոտքով: Շատ կցանկանայի հեծանիվ վարել, բայց հատկապես մայրաքաղաքում դա բարձր էքստրա էքստրիմ է: Կցանկանայի լավ ճանապարհներ տեսնել, քիչ խցանումներ, հեծանվաուղիներ ունենալ եւ զարգացած, կարգավորված աշխատանքով հարմարավետ եւ էկոլոգիական հանրային տրանսպորտ:

Բոլոր ժամանակներում եւ բոլոր պետություններում բոլոր մեծ գործերն իրականացրել են  մարդիկ, որոնք համակված էին իրենց ժողովրդի բարեկեցության եւ պետության բարգավաճման գաղափարով: Այսօր դա անվանում են ազգային շահերի պաշտպանություն: Սա էլ հենց հայրենասիրությունն է:

Ինձ համար հայրենասեր լինելը նշանակում է երկրի շահերը սեփականից վեր դասել: Հայրենասիրությունը նաեւ հայրենի հողին, ավանդույթներին, լեզվին կապվածությունն է, հավատարմությունը ազգային, մշակութային, պատմական արժեքներին, մասնագիտական աճն ու ինքնակատարելագործումը, երեխաներին քո երկրում մեծացնելու ձգտումը, սահմաները պաշտպանելուն պատրաստ լինելը: Այս իմաստով, այո, ես հայրենասեր եմ:

Սեռական փոքրամասնությունների ու ընտանեկան բռնության մասին

Անկեղծ ասած՝ չեմ ընդունում, այսպես կոչված, սեքս փոքրամասնությունների «ազատություններ» հասկացությունը: Ով ում հետ եւ ինչպես է նախընտրում սեքսուալ բավարարվածություն ստանալ յուրաքանչյուրի անձնական գործն է: Սակայն ճիշտ չեմ համարում քո ընտրության մասին ազդարարելը եւ դեռ հրապարակներում ինչ-որ ազատություններ ու իրավունքներ պահանջելը: Որպես կանոն, այս ամենի հետեւում որոշակի խմբերի շահերի օգտին քարոզչությունն է եւ հանրային գիտակցության մանիպուլյացիան:

Ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում կանանց եւ երեխաների նկատմամբ կոպիտ ֆիզիկական ուժի կիրառումն անթույլատրելի է: Ցավոք, Հայաստանում սա բավականին տարածված, բայց քիչ բարձրաձայնվող երեւույթ է, հատկապես գյուղերում: Կարծում եմ, որ օրենքի կարիք ունենք, որ նման կարգի բաների համար պատիժ կնախատեսի: Պակաս կարեւոր չէ նաեւ բնակչության ընդհանուր կրթական մակարդակի բարձրացումը՝ սկսած նախադպրոցական տարիքից, երբ ներարկվում են ընտանիքում եւ ընդհանրապես հասարակության մեջ վարքագծի որոշակի նորմերը: 

Փողի, վախերի եւ տարիքի մասին

Կարծում եմ՝ կարողանում եմ փողս կառավարել: Հիմնականում ծախսում եմ երեխաների ուսման եւ սպառողական զամբյուղի վրա այնքան, որքան մեր երկրում աշխատավարձը թույլ է տալիս:

Այն գիտակցումը, որ տարիներն իրենց հետ տանում են երիտասարդությունն ու գեղեցկությունը, իհարկե, լավատեսությանը չի նպաստում: Իսկ եթե դրան էլ հավելես կուտակված կենցաղային եւ անձնական խնդիրները, կստացվի միջին տարիքի ճգնաժամ: Սա պիտի ապրես, որ սովորես գնահատել այն, ինչ ունես, եւ գիտակցված ապրես՝ վայելելով լավագույն պահերը: Ի վերջո՝ ո՞ւր պիտի փախչենք: Երկար ապրելու միակ ճանապարհը ծերանալն է:

Կյանքում ամեն ինչից շատ վախենում եմ այն մարդկանցից հիասթափվելուց, որոնք ինձ համար թանկ են, եւ որոնց հավատում եմ:

Զգեստապահարանի, դիմահարդարման եւ ավելորդ քաշի մասին

Սովորական օրերին նախընտրում եմ հարմար եւ որակյալ հագուստը: Հատուկ դեպքերում, ինչպես եւ ցանկացած կին, աշխատում եմ ավելի հետաքրքիր տեսք ունենալ: Ինձ համար կարեւոր է ճաշակով հագնված լինելը՝ տեղին եւ ժամանակին համապատասխան, բրենդների անվանումները նշանակություն չունեն:

Ես աչքի չզարնող, բնական շպարի կողմնակիցն եմ: Երբեմն շպար ընդհանրապես չեմ էլ օգտագործում: Ճերմակ մազերը չեմ սիրում՝ այն ծերացնում է: Կարծում եմ՝ ցանկացած կին ձգտում է ավելի երիտասարդ եւ գեղեցիկ երեւալ, ինչը նորմալ է:

Ավելորդ քաշը ոչ միայն էսթետիկական խնդիր է, այլեւ մեծ թվով քրոնիկական հիվանդությունների պատճառ: Ամեն անգամ իմ պացիենտներին նիհարել խորհուրդ տալիս հիշում եմ նաեւ ինձ:

Քննադատության եւ համոզմունքների մասին

Չեմ կարծում, թե որեւէ մեկին դուր է գալիս քննադատության ենթարկվել: Դա բավականին տհաճ է: Ես բացառություն չեմ: Բայց երբեմն քննադատությունը միակ չափորոշիչն է, որ ստիպում է իրերին սթափ նայել եւ ճիշտ որոշումներ ընդունել: Ցանկացած հարաբերություններում, մասնավորապես քաղաքականության մեջ քննադատությունը նաեւ զսպման տարր ունի:

Երեք որդի ունեմ եւ այո, ես նույնպես նրանց երբեմն քննադատում եմ՝ ծնողի խրատներին հավասար: Սա ընտանիքի մասին իմ հոգածության մի մասն է:

Չվախենալով պահպանողական երեւալ՝ հավատում են հին բարի ճշմարտությանը, որ հենց լեզվի, ավանդույթների, պատմական եւ մշակութային ժառանգության պահպանման ու տարածման ձգտումն է մեր ժողովրդի գոյատեւման ու զարգացման գրավականը, հատկապես պարտադրված կոսմոպոլիտիզմի ու գլոբալիզացիայի դարաշրջանում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am-ի

Հարցազրույց նախագծի մյուս մասնակիցների հետ

1. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անի Մովսիսյան)

2. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ջեմմա Փանոյան)

3. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Նատալյա Զալիբեկյան)

4. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Աննա Արեւշատյան)

5. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ինեսա Մկրտչյան)

6. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ելենա Գեւորգովա)

7. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անահիտ Թադեւոսյան)

8. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Լիլիթ Մովսիսյան) 

9. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Սոնա Ազարյան) 

10. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Վեներա Ավետիսյան)