«Ժառանգություն» կուսակցությունը դեկտեմբերի 7-ին հայտարարություն է տարածել՝ Հայաստանի Վերահսկիչ պալատից եւ իրավապահ մարմիններից պահանջելով պարզել աղետի գոտու վերականգնման 2009թ. ծրագրի տապալման պատճառները եւ պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին:
«Ժառանգություն» կուսակցությունը խորապես մտահոգված է այն բարձիթողի վիճակով, որում 1988թ. Սպիտակի երկրաշարժի 21 ամյակի նախաշեմին շարունակում է գտնվել աղետի գոտին: Մենք խիստ վրդովված ենք լրագրողների «Ասպարեզ» ակումբի` օրերս տարածած հաղորդագրության մեջ նշված այն աղաղակող փաստերից, ըստ որոնց` առ այսօր միայն Գյումրիում անօթեւան է եւ տնակներում է ապրում ավելի քան 4100 ընտանիք, իսկ այլ անօթեւան ընտանիքների թիվը 3500-ից ավելի է",- նշել են հայտարարության հեղինակներն ու հավելել. «Փաստորեն, այս տարեսկզբին գյումրեցիներին պետական բարձր մակարդակներով արված այն խոստումը, ըստ որի` մինչեւ տարեվերջ Գյումրիում շահագործման պետք է հանձնվեր 1320 նոր բնակարան, մնացել է ընդամենը որպես իշխանությունների հերթական սուտ խոստում:
Եւ դա այն դեպքում, երբ շինարարության հիմնական կապալառուին` իշխանական հայտնի շրջանակներին պատկանող „Գլենդել Հիլզ“ ընկերությանը, „Ասպարեզ“ ակումբի տվյալներով, այս աշխատանքների համար պետությունից եւ Գյումրի համայնքից տրամադրվել են բոլոր անհրաժեշտ միջոցներն ու պայմանները` նշված քանակով բնակարանները շահագործման հանձնելու համար:
Հասարակությանը վաղուց է հայտնի, որ մինչեւ ուղնուծուծը կոռումպացված իշխանությունների համար շինարարությունը մնում է խոշորածավալ յուրացումների իրականացման առավել „հարմար“ ոլորտ: Սակայն հատկապես նողկալի է, որ դա շատ դեպքերում արվում է սոցիալապես խոցելի խավերի հաշվին»:
Կուսակցությունը միեւնույն ժամանակ հիշեցնում է, որ իրենց բացահայտած՝ Հայաստանի որբ երեխաներին բնակարաններով ապահովելու պետական ծրագրի շրջանակներում բյուջետային միջոցներից միլիոնավոր դոլարների խայտառակ յուրացումների պատմության համար մինչեւ օրս ոչ ոք չի պատժվել եւ արդարությունը չի վերականգնվել:
«Չնայած այս ամենին` կառավարությունը իշխող կլանի ներկայացուցիչների եկամուտների անսասանությունն ապահովելու նպատակով բյուջեից հսկայական միջոցներ է տրամադրում` էլիտար կիսակառույցներն ավարտին հասցնելու, նաեւ նորերի շինարարությունը սկսելու նպատակով: Իշխանությունների երեսպաշտությունը հատկապես տեսանելի է դառնում այն ահազանգերից, որոնք մենք ստանում ենք իշխող կլանին չպատկանող տեղական եւ օտարերկրյա ներդրողներից՝ առ այն, որ Երեւանում բազմաբնակարան շենքեր կառուցելու համար Ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի (ՃՀԱ) տրամադրումը հերիք չէ ձգձգվում է մինչեւ 6 ամիս, դրա տրամադրման դիմաց Երեւանի քաղաքապետարանը իրենցից „կամավոր-պարտադիր“ նվիրատվության տեսքով շորթում է վերջնական բնակմակերեսի 2-3 տոկոսը:
Սա, ըստ էության, լրացուցիչ հարկ է շինարարական ոլորտի ներդրողների վրա, այն էլ ոչ թե գեթ շահույթի, այլ ամբողջ շրջանառության վրա, ինչը խոչընդոտում է թե՛ ոլորտի զարգացմանը, եւ թե՛ ներդրումներին ընդհանրապես»,- ասված է հայտարարության մեջ:




























