Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Մուհամեդ Գարգաշին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կեպերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի կառավարության ղեկավարը կարեւորել է Էմիրությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, որն արդեն իսկ շոշափելի արդյունքներ է արձանագրել հանքարդյունաբերության եւ անշարժ գույքի ոլորտներում:

Անվար Գարգաշը կարեկցանք է հայտնել երկրաշարժի տարելիցի առթիվ: Նկատելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները լավ ընթացք ունեն, ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարը խոսել է առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացումը շարունակական դարձնելուն միտված ջանքերի մասին, այդ համատեքստում կարեւորելով միջկառավարական հանձնաժողով ստեղծելու գաղափարը, որի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի համակարգել ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը:

Հյուրի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանի պետությունների հետ հարաբերությունների զարգացման շուրջ: