«Սիլ Կոնցեռն» ընկերությունը դեկտեմբերի 8-ին հանդես է եկել հայտարարությամբ եւ հայտնել, թե «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության սնանկության գործերով կառավարչի կողմից ինքնուրույն արտադրվող եւ տարածվող «Բջնի» հանքային ջրերի որակի հետ կապված որեւէ պատասխանատվություն չի կրում, քանի որ այն դուրս է իր կազմակերպչական եւ որակական (նաեւ լաբորատոր) հսկողությունից եւ վերջինիս կողմից շշերի ու պիտակների վրա SIL GROUP ապրանքային նշանի օգտագործումը համարում է անթույլատրելի (նաեւ «Սիլ Կոնցեռնի» հետ նույնացնելու իմաստով):

Հիշեցնենք, որ «Սիլ Կոնցեռն» ընկերությունը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ գործարարը բացահայտ հայտնեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու իր որոշման մասին, ինչից հետո հետապնդումներ սկսվեցին նրան պատկանող ձեռնարկությունների դեմ: Մասնավորապես՝ գործարարի ձեռքից խլեցին «Բջնի» հանքային ջրերի գործարանը: Ներկայումս գործարանը, դատական քաշքշուկներից հետո արտադրանք է թողարկում սնանկության կառավարչի կողմից եւ որեւէ կապ չունի Սուքիասյանների հետ: