Սաուդյան Արաբիան բազմաթիվ չհանրայնացված հարձակումների շարք է իրականացրել Իրանի դեմ՝ ի պատասխան մերձավորարևելյան պատերազմի ընթացքում թագավորությանը հասցված հարվածների: Դրա մասին Reuters-ին հայտնել են արևմտյան երկու պաշտոնյա և իրանցի երկու պաշտոնական անձ:
Սաուդյան այս հարձակումները, որոնց մասին նախկինում չէր հաղորդվում, Իրանի տարածքում թագավորության ուղղակի ռազմական միջամտության առաջին հայտնի դեպքն են: Դրանք վկայում են, որ Էր Ռիադը սկսել է գործել շատ ավելի համարձակ՝ պաշտպանվելով իր գլխավոր տարածաշրջանային մրցակցից:
«Ակն ընդ ական» հարվածներ
Ըստ արևմտյան աղբյուրների՝ հարձակումներն իրականացրվել են Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը մարտի վերջին: Պաշտոնյաներից մեկը դրանք բնութագրել է որպես «վրեժխնդրության հարվածներ՝ «ակն ընդ ական» սկզբունքով՝ ի պատասխան սաուդյան տարածքի գնդակոծությունների»: Reuters-ին չի հաջողվել հաստատել, թե հատկապես որ օբյեկտներն են եղել թիրախները:
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան, ի պատասխան հարցման, ուղղակիորեն չի հաստատել հարվածների փաստը, սակայն հայտարարել է. «Մենք վերահաստատում ենք Սաուդյան Արաբիայի անփոփոխ դիրքորոշումը, որը հանդես է գալիս հանուն լարվածության թուլացմանի և զսպվածության՝ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար»:
Հակամարտության ընդլայնումը
Սաուդյան հարվածներն ընդգծում են հակամարտության ընդլայնման մասշտաբները, որը սկսվել է փետրվարի 28-ին՝ Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներով: Այդ ժամանակից ի վեր Իրանը հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) բոլոր վեց պետությունների վրա՝ հարվածներ հասցնելով ոչ միայն ԱՄՆ ռազմաբազաներին, այլև քաղաքացիական օբյեկտներին, օդանավակայաններին և նավթային ենթակառուցվածքներին, ինչպես նաև փակելով Հորմուզի նեղուցը:
Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄԷ-ն նույնպես ռազմական հարվածներ է հասցրել Իրանին: Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների գործողությունները միասին բացահայտում են հակամարտության իրական պատկերը, որը երկար ժամանակ մնում էր թաքնված. Ծոցի միապետությունները, տուժելով իրանական հարձակումներից, սկսել են պատասխան հարվածներ հասցնել:
Դիվանագիտությունը պատերազմի եզրին
Ի տարբերություն ավելի կոշտ դիրքորոշում որդեգրած ԱՄԷ-ի՝ Սաուդյան Արաբիան ձգտում էր թույլ չտալ անվերահսկելի էսկալացիա: Ըստ աղբյուրների՝ թագավորությունն Իրանին տեղեկացրել է իր հարվածների մասին, ինչին հաջորդել են ինտենսիվ դիվանագիտական աշխատանք և հետագա վրեժխնդրության սպառնալիքներ: Սա հանգեցրել է լաչվածության թուլացման մասին ոչ պաշտոնական համաձայնության:
Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) ներկայացուցիչ Ալի Վաեզը նշել է, որ իրադարձությունների նման հաջորդականությունը ցույց է տալիս «երկու կողմի պրագմատիկ ընդունումն այն բանի, որ անվերահսկելի էսկալացիան ենթադրում է անընդունելի կորուստներ»:




























