«Ես ուղղակի ազնվությամբ եմ ասում՝ այնքան վատ վիճակի մեջ եմ: Ես զարմանում եմ՝ ինչո՞ւ պիտի ես հայհոյեի»,- դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է օլիմպիական չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը: Խոսքը ինտերնետում տարածված մի տեսաերիզի մասին է, որտեղ պատկերված են 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի քարոզարշավի գովազդային հոլովակներից դուրս մնացած կադրերը, որոնցից մեկում հայտնի մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը գովում, գովում է Սերժ Սարգսյանին, ապա զայրանում, հայհոյանք տալիս ու հեռանում, իսկ մյուս կադրում դերասան Հրանտ Թոխատյանն է՝ վերջին բառերով հիշում Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին:
«Ես ելույթ եմ ունենում, ասում եմ, որ մեր նախագահը լինի Սերժ Սարգսյանը, շատ լավ կլինի, ու …: Դա հնարավոր բան չի: Ինչի՞ ես պիտի հիմար բան ասեմ: Ես նույնիսկ տանը տենց բաներ չեմ ասում: Ուղղակի սիրտս կանգնեց: Ով արել ա, թող գլուխը պատին տա: Դա չպիտի աներ, էլի»,- փորձում էր լրագրողներին համոզել Ազարյանը, բայց ապարդյուն:
Ըստ 80-ամյա մարմնամարզիկի, այդ կադրերը ինտերնետում դնողին պետք է այնպիսի «տույժ տալ, որ հասկանա, որ տենց բան պետք չի անել: Ո՞նց կարելի է վարկաբեկել այնպիսի մարդուն, որ իր կայնքը դրել է Հայաստանի համար»: Ազարյանը նաեւ նշեց, թե կադրերը մոնտաժված են, իսկ ինքը որեւէ հայհոյանք Սերժ Սարգսյանի հասցեին չի արել:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ արվեստի, սպորտի, մշակույթի գործիչները ամեն անգամ օգտագործվում են քաղաքական գործիչների քարոզարշավի համար, Ազարյանը պատասխանեց, «Դա ճիշտ չի, իհարկե»: Ըստ մարմնամարզիկի՝ ճիշտ բան չէ նաեւ, որ Հրանտ Թոխատյանը հայհոյանքներ է տալիս Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին:
Ի դեպ, Ազարյանը հայտնեց, որ իրեն խոստացել են գտնել տեսանյութը տարածողին եւ պատժել: Հարցերին, թե ով է խոստացել, երբ է նկարվել այդ հոլովակը, որտեղ, ով է հրավիրել իրեն, Ազարյանը հրաժարվեց պատասխանել:
Ճանաչված մարզիկը նաեւ ասաց, թե իրեն նախագահականից դեռ չեն նեղել տեսանյութի համար:




























