Երևան-Գյումրի ժամը 14:25-ի ուղևորատար էլեկտրագնացքը երթը չեղարկվել է Դալարիկ կայարանում տեղի ունեցած վթարի պատճառով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
Հունիսի 23-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով խախտվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքների երթևեկության ժամանակացույցը և չեղարկվել է Երևան-Գյումրի 686 էլեկտրագնացքը։
Նրա խոսքով, վթարի հետևանքով զգալի վնասներ են հասցվել երկաթուղային ենթակառուցվածքներին, մասնավորապես, վնասվել են լոկոմոտիվը և կոնտակտային ցանցը, իսկ հենասյուներից մեկը կոտրվել է ամբողջությամբ:
«Դա նշանակում է, որ ամբողջ կոնտակտային գիծը կախվել է, դա պետք է հավաքվի, գծերի վիճակը գնահատվի, գնացքը տեղահանվի և երթևեկությունը փորձենք արագ վերականգնել։ Չեմ կարող ասել, որքան դա կտևի։ Մասնագետները նորայնտեղ են հասել, հիմա այդ գնահատման աշխատանքներն են իրականացվում։ Պետք է փորձենք այնպես անել, որ միայն մեր ուղերթ չեղարկելով հարցը կարգավորել։
Բեռնատարը փորձել է հատել գիծը այն ժամանակ, երբ դիմացով արդեն գնացքը գնում էր, թեև անհասկանալի է, թե ինչպես է դա եղել, քանի որ այնտեղ ուղեփակոց կա։ Գնացքը շարժի մեջ է եղել, բեռնատարը եկել կողքից մտել է մեջը»,–ասաց Գրձելյանը։
Ներկայումս իրականացվում է գծերի վիճակի գնահատում և գնացքի տեղահանման գործընթաց՝ երթևեկությունը հնարավորինս արագ վերականգնելու համար:
Նշենք, որ բախման հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, սակայն, բարեբախտաբար, հրդեհի բռնկումից հաջողվել է խուսափել:
Կա մեկ տուժած: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նա գլխի շրջանում վնասվածքներով հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոններից մեկում: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության. նրա կյանքին վտանգ չի սպառնում:




























