Այսօր՝ հունիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի մասին Լոռու մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից արդեն դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը ու դեպքի հանգամանքները, թե ինչ պայմաններում է նա հայտնվել գետում։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ գետում հայտնաբերված դիակից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածի հետ ևս մեկ հոգի է եղել։ Հիմա փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները փորձում են ավտոմեքենան գետից դուրս բերել, ինչից հետո պարզ կլինի՝ երկրորդ քաղաքացին ավտոմեքենայո՞ւմ է, թե՞ ջրահեղձ է եղել։





























