Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը լքող Քիր Սթարմերը քաղաքական կարիերան ավարտելուց հետո դիտարկում է ապագայում ՆԱՏՕ-ն գլխավորելու հնարավորությունը, հայտնում է The Observer պարբերականը։

Պարբերականի տվյալներով, Սթարմերը հետաքրքրություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի նկատմամբ, որը կարող է թափուր դառնալ 2028 թվականին։ Միաժամանակ այդ պաշտոնը ստանալու համար նրան անհրաժեշտ կլինի Մեծ Բրիտանիայի կառավարության և դաշինքի դաշնակիցների աջակցությունը։

Սթարմերի կողմնակիցները նշում են, որ G7-ի գագաթնաժողովում նա ցուցադրել է բարձր հեղինակություն եվրոպական առաջնորդների շրջանում, ինչպես նաև պահպանում է սերտ աշխատանքային հարաբերություններ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Պարբերականը նաև գրում է, որ արտաքին քաղաքականությունը կարող է դառնալ այն առանցքային ոլորտներից մեկը, որտեղ Սթարմերը կշարունակի իր կարիերան վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո։

Ավելի վաղ հաղորդվել էր Լեյբորիստական կուսակցության ներսում քաղաքական անկայունության և նախարարների մի մասի կողմից Սթարմերի վրա գործադրվող ճնշումների մասին, որոնք պահանջում են հստակեցնել նրա հնարավոր հեռանալու ժամկետները։

Բրիտանական ԶԼՄ-ներում քննարկվող սցենարների շարքում նշվում են ներսկուսակցական մրցակցության սրումն ու կառավարության ղեկավարության համար հնարավոր պայքարը։