Հայաստանի ազգային քարտային վճարային ենթակառուցվածքը սպասարկող Arca-ն (ArmenianCard) ամփոփեց 2025 թվականի գործունեության արդյունքները և ներկայացրեց առաջիկա տարիների զարգացման ռազմավարությունը՝ առաջին անգամ այս ձևաչափով անդրադառնալով ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ առկա մարտահրավերներին և ապագայի ծրագրերին։

2025 թվականը Arca-ի համար եղել է ռեկորդային։ Ընկերության տվյալներով՝ տարվա ընթացքում քարտային գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 18.23 տրիլիոն դրամ, իսկ իրականացված գործարքների քանակը գերազանցել է մեկ միլիարդը։ Ընկերությունում վստահ են՝ այս թվերը վկայում են ոչ միայն համակարգի աճի, այլև քաղաքացիների վճարային մշակույթի փոփոխության մասին։
Arcaի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը ներկայացրեց ընկերության նոր տեսլականը՝ ընդգծելով, որ առաջնահերթությունը ոչ թե միայն նոր ծառայությունների ներդրումն է, այլ առաջին հերթին՝ համակարգի հուսալիությունն ու անվտանգությունը։ «Լինել հուսալի և նորարար ազգային վճարային համակարգ։ Այստեղ յուրաքանչյուր բառ իր խորքային իմաստն ունի։ Հուսալի ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք համակարգի անվտանգությունն ու անընդհատությունը, ինչը մեր առաջնահերթությունն է։ Մենք, ձգտելով ցույց տալ լավագույն արդյունքները, սահմանել ենք շեմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մեր համակարգային հասանելիությունը պետք է լինի 99.982 %։ Միևնույն ժամանակ նշենք, որ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 99.780 %, իսկ վերջին վեց ամսվա տվյալներով այն 99.991 % է։ Սա լավագույն ցուցանիշն է (միջազգային չափանիշներով), որին ձգտում ենք հասնել ընկերության ռազմավարությամբ մինչև 2030 թվականը»,– հայտարարեց Վարդան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ առաջիկա հինգ տարիների նպատակն է ապահովել համակարգի 99.982 տոկոս հասանելիություն, ինչը նշանակում է տարեկան ընդամենը մոտ մեկ ժամ վեց րոպե անհասանելիություն։

Եթե 2025 թվականին Arca համակարգում գրանցվել էր չորս խոշոր տեխնիկական խափանում, որոնց ընդհանուր տևողությունը կազմել էր 17 ժամ, ապա 2026 թվականի առաջին կիսամյակում ընկերությունը գրեթե ամբողջությամբ վերացրել է այդ խնդիրը։ 2026-ի առաջին վեց ամիսներին համակարգում ընդամենը 6 րոպե է դադար արձանագրվել՝ այն էլ համակարգի վերագործարկման միլիվայրկյանների հանրագումարով:Ընկերության գործադիր տնօրենը նշեց, որ նախորդ տարվա խափանումների ընթացքում որևէ կիբեռներթափանցում չի արձանագրվել։ Խնդիրների հիմնական պատճառը եղել է միջազգային գործընկեր կազմակերպությունների ոչ պատշաճ աշխատանքը, ինչից հետո իրականացվել են համապատասխան փոփոխություններ և լրացուցիչ պաշտպանական միջոցառումներ։
Հունվարի 1-ից կառավարության հետ համատեղ իրականացվող 2 տոկոս քեշբեքի ծրագիրն արդեն զգալի արդյունքներ է տվել։ Միայն առաջին հինգ ամիսների ընթացքում քարտապաններին վերադարձվել է 1.6 միլիարդ դրամ, իսկ հունիսի տվյալները ներառելուց հետո վերադարձված գումարը գերազանցել է 2.1 միլիարդ դրամը։ Թեև ծրագրի շարունակությունը կախված կլինի 2027 թվականի պետական բյուջեի քննարկումներից, Arca-ում վստահեցնում են, որ պատրաստ են կառավարության հետ քննարկել դրա երկարաձգման հնարավորությունը՝ հաշվի առնելով մեծ պահանջարկն ու դրական ազդեցությունը։ Միաժամանակ, միայն այս տարվա առաջին հինգ ամիսներին Arca քարտապանների թիվն աճել է շուրջ 290 հազարով։ Ընկերությունում շեշտում են, որ խոսքը ոչ թե պարզապես թողարկված քարտերի, այլ իրականում ակտիվ օգտագործողների մասին է։

Հայաստանում առաջին անգամ քարտերով կատարվող անկանխիկ վճարումների ծավալը գերազանցել է կանխիկացմանը։ 2025 թվականին բոլոր գործարքների 51 տոկոսը կազմել են վճարումները, իսկ կանխիկացման բաժինը նվազել է մինչև 49 տոկոս։ «Մարդիկ սկսել են քարտերով վճարել նույնիսկ ամենօրյա փոքր գնումների համար, ինչը խոսում է ֆինանսական վարքագծի աստիճանական փոփոխության մասին»,– ասաց Վարդան Խաչատրյանը։
2024 թվականին գործարկված ArcaPay ակնթարթային փոխանցումների համակարգին արդեն միացել են 12 բանկ և մեկ վճարահաշվարկային կազմակերպություն։ Ծառայությունը հնարավորություն է տալիս գումար փոխանցել ոչ թե քարտի 16 նիշանոց համարով, այլ պարզապես հեռախոսահամարով։
«Քարտի համարը մուտքագրելու փոխարեն բավական է նշել ստացողի հեռախոսահամարը, և գումարը միանգամից հաշվեգրվում է նրա բանկային հաշվին։ Շատերը բախվել են իրավիճակի, երբ քարտին փոխանցված գումարը դեռ չի արտացոլվում բանկային հաշվին։ ArcaPay-ի դեպքում այդ խնդիրը չկա. գումարը միանգամից հասանելի է դառնում հաճախորդին»,- նշեց Arca-ի Զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանը։

Arca-ն հաստատեց նաև ամենասպասված նորություններից մեկը։ Մինչև 2027 թվականի առաջին եռամսյակը Arca քարտերը հնարավոր կլինի կցել GooglePay-ին, իսկ նույն տարվա երկրորդ կիսամյակում՝ նաև ApplePay-ին։ Ռուբեն Սաղոյանի խոսքով՝ այդ ուղղությամբ արդեն ընթանում են ակտիվ տեխնիկական և պայմանագրային աշխատանքներ։ Այս տարվա ընթացքում, բացի Հնդկաստանից, կգործարկվեն նաև հեռախոսահամարով արագ դրամական փոխանցումներ Հայաստանի և Վրաստանի միջև։ Արդեն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ տարվանից Arcaքարտերով հնարավոր կլինի վճարումներ կատարել Վրաստանում՝ Bank of Georgia-ի ընդունման ցանցում նույն կերպ, ինչպես այսօր օգտագործվում են Visa և Mastercard քարտերը։ «Բանակցություններ ենք վարում նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Ուզբեկստանի և Ղրղզստանի ազգային վճարային համակարգերի հետ։ Խոսքը միայն հեռախոսահամարով փոխանցումների մասին չէ, այլ նաև Arca քարտերի միջազգային կիրառման»,- ասաց նա։
ArcaQR միասնական վճարային համակարգն արդեն հասանելի է Հայաստանի ավելի քան 21 հազար առևտրային և սպասարկման կետերում՝ Երևանից մինչև ամենահեռավոր բնակավայրեր։ Կենտրոնական բանկի կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո QR համակարգերը դարձել են ամբողջությամբ փոխգործելի, և քաղաքացին այլևս չի մտածում, թե որ բանկի QR կոդն է իր առջև։ Մինչև տարեվերջ QR փոխանցումները քաղաքացիների համար շարունակելու են լինել անվճար։

Թեև Arca-ի բաժնետոմսերի 55 տոկոսը պատկանում է Հայաստանի Կենտրոնական բանկին, մնացած 45 տոկոսը առևտրային բանկերին, ընկերությունում ընդգծում են, որ ռազմավարական որոշումները կայացնում է անկախ խորհուրդը։ 2024 թվականից Arca-ն սկսել է լայնածավալ բարեփոխումների փուլ՝ տեխնիկական արդիականացումից մինչև կառավարման համակարգի վերափոխում։ Արդեն շուրջ մեկուկես տարի ծրագրային բոլոր լուծումները Arca-ում մշակվում են բացառապես ընկերության ներսում, ինչը զգալիորեն բարձրացրել է համակարգի ինքնուրույնությունն ու տեխնոլոգիական անկախությունը։
«Arca-ն մասնավոր-պետական համագործակցության եզակի օրինակ է, որի շնորհիվ արդեն շուրջ քառորդ դար Հայաստանում գործում է ժամանակակից վճարային ենթակառուցվածք»,- նշեց Arca-ի Խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը։

Խորհրդի կազմում ընդգրկված են տնտեսագետներ, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ և միջազգային փորձ ունեցող ղեկավարներ։ «Ստեղծվել են առանձին ՏՏ և աուդիտի կոմիտեներ, որոնք մշտապես հետևում են կիբեռանվտանգությանը, համակարգի անխափան աշխատանքին և նոր տեխնոլոգիաների ներդրմանը՝ ներառյալ արհեստական բանականության լուծումներն ու կայուն կրիպտոարժույթների կիրառման հնարավորությունները»,– ասաց Arca-ի խորհրդի անկախ անդամ Արա Աբրահամյանը։

Arca-ի ղեկավարությունը վստահեցնում է, որ առաջիկայում շարունակելու է ընդլայնել ծառայությունները, զարգացնել ազգային վճարային ենթակառուցվածքը և առավել բաց ու թափանցիկ հաղորդակցվել հանրության և լրատվամիջոցների հետ։ Քառորդ դար անց ընկերությունը հայտարարում է զարգացման նոր փուլի մասին՝ նպատակ ունենալով ոչ միայն պահպանել Հայաստանի վճարային համակարգի առաջատար դիրքը, այլև այն դարձնել տարածաշրջանային համագործակցության և նորարարության կենտրոն։





























