Աճուրդի է հանվել Տիտանիկի աղետում զոհված ուղևորի նամակը։ Ուղևորը նամակը գրել է աղետից մի քանի օր առաջ։ Սպասվում է, որ այս պատմական լոտի համար կվճարեն մինչև 35000 եվրո, գրում է Independent-ը։
Հենրի Փրայս Հոջեսն իր նամակն ուղղել էր Սաութհեմփթոնի Նյութաունի Պահպանողական ասոցիացիայում իր ընկերոջը՝ Հեկտոր Յանգին։ Փաստաթուղթը թվագրված է 1912 թվականի ապրիլի 10-ով և կրում է Քվինսթաունի (Իռլանդիա) փոստային կնիքը։ Դրանում հեղինակը նկարագրում է հոյակապ եղանակն ու նավում տիրող գերազանց մթնոլորտը։
Երկրորդ կարգի ուղևոր Հենրի Հոջեսը չարաբաստիկ նավ է բարձրացել Սաութհեմփթոնում՝ 13 ֆունտ ստերլինգ արժողությամբ № 250643 տոմսով։ Նա ցանկացել է ուղևորվել Բոստոն՝ հարազատներին այցելելու։
Նամակի տեքստը
«Սիրելի՛ Հեկտոր,
Անչափ շնորհակալ եմ հեռագրի և բարի մաղթանքների համար։ Դա քո կողմից շատ բարի ու հոգատար քայլ էր, որը ես շատ բարձր գնահատեցի։ Խնդրում եմ իմ շնորհակալությունը փոխանցիր մեր Ասոցիացիայի անդամներին։
Որքան հրաշալի էր, որ նապագահն անձամբ եկավ ինձ ճանապարհելու։ Ինձ թվում է, որ ես կարող էի համոզել նրան գալ ինձ հետ։ Մինչ օրս մենք գերազանց ժամանակ ենք անցկացնում։
Նավի շարժն ընդհանրապես չի զգացվում, իսկ եղանակը պարզապես հրաշալի է։
Վերին տախտակամածում շուրջ 200 երիտասարդներ (20 տարեկանից բարձր) շրջանաձև քայլում են ու երգում, մյուսները սրահներում դոմինո և թղթախաղ են խաղում, ոմանք կարդում են, ոմանք գրում։ Ամեն ինչ բնավ այնպիսին չէ, ինչպես ակնկալում ես տեսնել բաց ծովում։
Փոխանցիր հորդ, որ շատ տխրել եմ նրա չգալու համար, թեև հասկանում եմ, որ նա չէր կարող։ Բայց եղբորդ գալն ավելի քան փոխհատուցեց դա։ Այսքանը, գնամ շուտ պառկեմ, քանի որ շան նման հոգնել եմ։
Ցտեսություն, Հեկտոր։
Լավագույն մաղթանքներով,
Անկեղծորեն քոնը՝
Հ. Փ. Հոջես»։
Հենրի Հոջեսը զոհվել է 1912 թվականի ապրիլի 15-ին «Տիտանիկի» կործանման ժամանակ։ Այս ողերգությունն ավելի քան 1500 մարդու կյանք է խլել։ Հետագայում նրա մարմինը գտել են օվկիանոսում և հուղարկավորել Հալիֆաքսի Ֆերվյու գերեզմանատանը։
Պատմական փաստաթուղթն աճուրդի է հանվում այս շաբաթ օրը՝ Դևայզիսում (Ուիլթշիր կոմսություն) գտնվող Henry Aldridge and Son աճուրդի տանը։
Աճուրդավար Էնդրյու Օլդրիջը նշել է, որ երկրորդ կարգի ուղևորների գրած նամակները ամենահազվագյուտ ցուցանմուշներից են․ «Այս նամակը պատմական տեսանկյունից մեզ անգնահատելի պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսին էր երկրորդ կարգի ուղևորի կյանքը պատմության մեջ ամենահայտնի նավի վրա։ Նա նկարագրում է զբոսանավը, ուղեկիցներին և այն, թե ինչպես էին նրանք ժամանակ անցկացնում։ Եվ չէ՞ որ չորսից մի փոքր ավելի օր անց «Տիտանիկն» արդեն Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի հատակին էր»։



























