Ավստրիայի Իննի Բրաունաու քաղաքում, այն տանը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, բացվել է ոստիկանական բաժանմունք։ Բաժանմունքի բացման պաշտոնական արարողությունը, որին, ի թիվս այլոց, մասնակցել է նաև Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Քարները, տեղի է ունեցել հուլիսի 22-ին, հայտնել է Reuters-ը։

Ավստրիայի իշխանությունները տան սեփականատիրուհու հետ տարիներ շարունակ դատական վեճ էին վարում, որն ավարտվել է նրանով, որ 2016 թվականին շենքը օտարվել է հանրային կարիքների համար։ Կային ծրագրեր՝ քանդելու այն տունը, որտեղ ծնվել էր Հիտլերը, սակայն ի վերջո որոշվեց հրաժարվել այդ մտադրությունից և շենքում տեղակայել ոստիկանական բաժանմունք։

2020 թվականին, երբ ամփոփվել էին շենքի վերակառուցման մրցույթի արդյունքները, հաղորդվել էր, որ այն ոստիկանական բաժանմունքի վերածելու համար կծախսվի հինգ միլիոն եվրո։

Ինչպես նշել է Reuters-ը, այժմ միակ բանը, որ հիշեցնում է, թե այս շենքում է ծնվել Հիտլերը, տան մոտ գտնվող հուշաքարն է, որը բերվել է Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարից և որի վրա փորագրված է. «Ֆաշիզմ՝ այլևս երբեք»։

Ադոլֆ Հիտլերը ծնվել է Զալցբուրգի մոտ գտնվող Իննի Բրաունաու քաղաքի այդ տանը 1889 թվականին։ Տարբեր տարիներին այդ տանը գործել են դպրոց, գրադարան, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց ապաստարան։