Իսպանիան դիմել է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության Frontex գործակալությանը՝ խնդրելով աջակցել միգրանտների ստուգմանը հյուսիսաֆրիկյան Սեուտա անկլավում՝ Մարոկկոյից սահմանը զանգվածաբար հատելու դեպքից գրեթե մեկ ամիս անց, հաղորդում է Reuters-ը։

Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մառլասկան համապատասխան հարցումը ուղարկել է միգրացիայի և ներքին գործերի հարցերով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն Բեատե Գմինդերին։ Մադրիդը նաև խնդրել է լրացուցիչ Սեուտա ուղարկել Frontex-ի 10 աշխատակից՝ միգրանտների ստուգման համար։

Իսպանական իշխանությունների տվյալներով, այժմ անկլավում մնում է 5 հազարից մինչև 8 հազար միգրանտ։ Հուլիսի 30-ին առնվազն 72 հազար մարդ փորձել է հատել սահմանը Մարոկկոյի կողմից։ Դեպքի հետևանքով իսպանական կողմում զոհվել է 82 միգրանտ, ևս 14 մահ հաստատել են մարոկկոյական իշխանությունները։

ԵՄ-ից օգնություն խնդրելու Մադրիդի դիմումը հաջորդել է Սեուտայում լարվածության աճի ֆոնին։ Տեղի բնակիչները մի շարք բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով միգրանտներին հեռացնել անկլավի տարածքից։

Մասնավորապես, միգրանտների վրանները Թրամպլին լողափում, որտեղ նրանցից շատերը ճամբար էին խփել, ենթարկվել են հարձակումների և հրկիզումների։

Հինգշաբթի օրը 12 միգրանտ ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրանք քարեր են նետել ռազմական մեքենայի վրա։ Արդյունքում տուժել է մեկ զինծառայող և չորս միգրանտ։ El País-ի տվյալներով, ձերբակալվածներից 11-ը հետագայում արտաքսվել են Սեուտայից։