Հայաստանի իշխանությունները Ասիական զարգացման բանկից կներգրավեն լրացուցիչ վարկ՝ 50 սեյսմակայուն դպրոց կառուցելու համար։ Համապատասխան վարկային համաձայնագիրը հաստատվել է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2016 թվականին կնքված նախորդ համաձայնագրով (նույնպես ԱԶԲ-ի հետ) նախատեսվում է 46 դպրոցի կառուցում կամ հիմնանորոգում։ Դրանցից 30-ն արդեն կառուցվել է, իսկ 16-ը կավարտվեն մինչև տարեվերջ։

Նոր վարկը, արդեն 50 դպրոցի համար, կկազմի 293 մլն դոլար։ Վարկը կտրամադրվի մինչև 27 տարի ժամկետով, որոնցից 10-ը կլինեն արտոնյալ։ Միջոցների սպասարկումը կիրականացվի լողացող տարեկան SOFR + 0,5% մարժա + 0,3% (մարման հավելավճար) տոկոսադրույքով։ Մարման հավելավճարը կախված կլինի վարկի միջին ժամկետից։ Այսպես, 0,3% դրույքաչափը կկիրառվի այն վարկերի նկատմամբ, որոնց մարման միջին ժամկետը 16-19 տարի է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ նկատել է, որ դպրոցների կառուցման և արդիականացման հետ կապված իրավիճակը, ընդհանուր առմամբ, բավարար է։ Նա խոստացել է այցելել երկրի բոլոր դպրոցները, հատկապես նրանք, որոնք գտնվում են շինարարության փուլում։ 

Փաշինյանը հավելել է, որ երկրի կառավարությունը մինչև 2026 թվականի վերջը կառուցվելիք և վերանորոգվելիք 300 դպրոցներին առաջիկա հնգամյակում պետք է ավելացնի ևս 300-ը։