Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից որևէ մեկի գործունեությունը չի վերականգնվել, բացի պետության կառավարմանը հանձնված «Արարատցեմենտից», Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատից և Երևանի քաղաքապետարանին փոխանցված «Մուլտի Վելնեսից»։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3–ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նշենք, որ դատարանն այս պահին քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցը։
Նա հավելեց, որ մի շարք ահազանգեր են ստանում պետության կառավարմանն անցած ընկերություններում կրճատումների մասին. «Մենք ահազանգեր ենք ստանում, որ մասնավորապես Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցների կրճատումներ են տեղի ունենում, հիմնավորումները հաստիքների կրճատման հիմքն է։ Խոսքն անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցների մասին է, այլ բաժիններից էլ կան»,– նշեց Տոնոյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե կրճատվում են այն աշխատակիցները, որոնք հանդես են եկել ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։
«Առինջմոլն» աշխատում է բացի կապարակնքված շուրջ երկու տասնյակ տաղավարներից, որոնք բարձրավոլտ հոսանքալարերի հարևանությամբ են գտնվում և դեռևս մեկ ամիս առաջ գործունեությունը դադարեցվել էր։ Այդ մասով ևս կա իրավական գործընթաց, կան բողոքարկումներ, ՀԷՑ–ի հետ աշխատանքներ են տարվում, նույն այդ բարձրավոլտի հետ կապված։



























