Եվրոպան պետք է պատրաստ լինի այս ձմռանը բախվել «իրական դժվարությունների», որպեսզի պահպանի տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը, հաղորդում է BBC News-ը։

Ըստ նրա, Ուկրաինային աջակցելու և Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցային ճնշման ռազմավարությունն աշխատում է, ուստի եվրոպական երկրները չպետք է թուլացնեն ճնշումը։

«Դա մեզանից կպահանջի իրական դժվարություններ և խնդիրներ, բայց մենք պետք է դիմանանք դրան և շարունակենք Ուկրաինային ցուցաբերվող տնտեսական, ռազմական, քաղաքական և դիվանագիտական աջակցությունը», — ասել է Փաուելը Կիևում կայացած «Յալթայի եվրոպական ռազմավարություն» համաժողովում։

Ըստ խորհրդականի, Ռուսաստանի կողմից հնարավոր էսկալացիայի մասին խոսակցությունները վկայում են ոչ թե այս ռազմավարության ձախողման, այլ, ընդհակառակը, դրա արդյունավետության մասին։ «Էսկալացիան, որի մասին մենք լսում ենք, խնդիր չէ, այլ հաջողության նշան, քանի որ այն ճնշումը, որ մենք գործադրում ենք Պուտինի վրա, վերջապես արդյունքներ է տալիս», — հայտարարել է Փաուելը։

Նրա ելույթը հնչել է ուկրաինական ենթակառուցվածքների վրա շարունակվող ռուսաստանյան հարվածների և Եվրոպայի՝ ձմռանը պատրաստվելու ֆոնին՝ էներգետիկ ճգնաժամի և գազի պաշարների կրճատման պայմաններում։ Եվրամիությունը կտրուկ նվազեցրել է կախվածությունը ռուսաստանյան մատակարարումներից, սակայն դրանք դեռ կազմում են գազի ներմուծման մոտ 12%-ը։ ԵՄ-ն նախատեսում է մինչև հունվար ամբողջությամբ հրաժարվել ռուսաստանյան գազից, սակայն Եվրոպական հաշվեքննիչ պալատը վերջերս նախազգուշացրել է, որ այդ ծրագիրը դժվարությունների է բախվում էներգակիրների պակասի ֆոնին։

Ուկրաինան նույնպես բախվում է ռազմական գործողությունների լուրջ տնտեսական հետևանքներին։ Երկրի էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Կրավչենկոն համաժողովում հայտարարել է, որ այս տարի ռուսաստանյան հարվածների հետևանքով ենթակառուցվածքների և այլ ակտիվների ոչնչացումից վնասը կարող է կազմել մոտ 10 միլիարդ դոլար։ Ըստ նրա, ուկրաինական ծովային նավահանգիստների շրջափակման պատճառով հացահատիկի արտահանման կրճատումը կհանգեցնի երկրի ՀՆԱ-ի 1,5% նվազման։

Միևնույն ժամանակ Փաուելը լավատեսություն է հայտնել Ուկրաինայի հեռանկարների վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ Ուկրաինան արդեն «հաղթել է» այն իմաստով, որ Ռուսաստանը չի կարողանա գրավել ամբողջ երկիրը, իսկ անկախ Ուկրաինան, որը կողմնորոշված է դեպի Եվրոպա, կկարողանա ինքնուրույն որոշել իր ապագան՝ անկախ հնարավոր տարածքային կորուստներից։

Խորհրդականը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում փոխվել է։ Ըստ Փաուելի, Թրամփն այժմ տեսնում է, որ Ուկրաինան ավելի նշանակալի հաջողությունների է հասնում, և այդ պատճառով այլևս նախկինի պես չի հակվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմը։

Փաուելը պնդում է, որ այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ, իբր, հաջողվել էր համաձայնության գալ անցյալ տարվա Ալյասկայում կայացած Թրամփի և Պուտինի հանդիպման ընթացքում, և որոնք նախատեսում էին Ուկրաինայի տարածքային զիջումներ ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարից հրաժարում, այլևս արդիական չեն։ Նրա կարծիքով, այժմ կարելի է ուղիներ փնտրել լուրջ բանակցությունների համար, այլ ոչ թե սպասել, մինչև Ուկրաինան համաձայնի հանձնել այն տարածքները, որոնք Ռուսաստանը չի կարողացել նվաճել։

Բրիտանացի խորհրդականը ընդգծել է, որ Արևմուտքի ռազմավարության նպատակը ճնշումն այնքան ուժեղացնելն է, որպեսզի Պուտինը պատրաստ լինի լուրջ բանակցությունների։ Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ հակամարտության ավարտի ժամկետները կանխատեսելն անիմաստ է, և կոչ է արել ԱՄՆ-ին ու Եվրոպային պահպանել շփումները Ռուսաստանի ղեկավարության հետ, որպեսզի խուսափեն հնարավոր «կարմիր գծերի» վերաբերյալ սխալ հաշվարկներից և թյուրըմբռնումներից։