Հայաստանի Կենտրոնական բանկը, ՀՀ կառավարության և այլ գործընկերների հետ համատեղ, նախաձեռնում է «Փաստերից դեպի քաղաքականություն» («Evidence-to-Policy Lab») լաբորատորիայի հիմնումը։ Այս մասին սեպտեմբերի 22-ին Դիլիջանում ընթացող «Փաստերից դեպի քաղաքականություն․ Փորձարարության մշակույթի ձևավորում» («From Evidence to Policy: Building a Culture of Experimentation») աշխատաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ այս լաբորատորիան պետական կառույցներին հստակ հարթակ կտրամադրի՝ քաղաքականության մշակման հենց սկզբնական փուլից հետազոտողների հետ համագործակցելու համար։
Նա հավելել է, որ լաբորատորիան կօգնի որոշում կայացնողներին հստակեցնել առաջնահերթ նշանակություն ունեցող հարցերը․ ի՞նչ խնդիրներ են լուծվում, ինչպիսի՞ն է տվյալ քաղաքականության ենթադրյալ աշխատանքի մեխանիզմը, ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ, հնարավո՞ր է արդյոք փորձարկել լուծումը նախքան դրա լայնամասշտաբ կիրառումը, և ինչպե՞ս պետք է ստացված արդյունքներն ազդեն քաղաքականության վրա։
«Հենց այս բացն ենք մենք ուզում լրացնել։ Մեր հիմնական նպատակն է ոչ թե ստեղծել մի առանձնացված հետազոտական ստորաբաժանում, որը քաղաքականությունից կտրված հաշվետվություններ կթողարկի, այլ ընդհակառակը՝ ձևավորել աշխատանքային հարթակ, որտեղ կհատվեն քաղաքականությունը, հետազոտություններն ու տվյալները»,- նշել է Գալստյանը։
ԿԲ նախագահը հայտնել է, որ որոշումների կայացումից գործնական քայլերի անցնելու համար արդեն իսկ անհրաժեշտ քննարկումներ են նախաձեռնվել՝ հույս հայտնելով, որ ծրագիրը շուտով կմեկնարկի։ «Անշուշտ, աշխատանքային ձևաչափի վերաբերյալ դեռ մի շարք որոշումներ պետք է կայացվեն, բայց լաբորատորիայի ստեղծման մեր մոտեցումը հիմնված է այն սկզբունքների վրա, որոնք քննարկում ենք այսօր․ օգտագործել արդեն իսկ առկա ներուժը, քաղել դասեր առաջին ծրագրերից և ճշգրտել մոդելը փորձի ու տվյալների կուտակմանը համընթաց»,- ընդգծել է նա։
Մարտին Գալստյանը վստահություն է հայտնել, որ այս նախաձեռնությունը կօգնի հասնել առավել լայնամասշտաբ նպատակի՝ որպեսզի որևէ քաղաքականություն լայնորեն կիրառելուց առաջ փաստերի պահանջն ու ստացված արդյունքների համակարգված վերլուծությունը դառնան պետական որոշումների կայացման գործընթացի անբաժանելի և պարտադիր տարրերը։
ԿԲ նախագահի գնահատմամբ՝ քաղաքականության մշակման նման փաստահեն մոտեցումը թույլ կտա ձևավորել ավելի հիմնավոր, արդյունավետ ու համակարգված միջոցառումներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։





























