Եթե Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրանա, սպառողների համար այն նույնպես կարող է թանկանալ, ինչն էլ իր հերթին անուղղակի ազդեցություն կունենա գազ օգտագործող ձեռնարկությունների վրա։ Սեպտեմբերի 23-ին «Հայաստանի տնտեսական դիմակայունությունը աշխարհաքաղաքական անորոշության դարաշրջանում» թեմայով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ սա կարող է հանգեցնել նաև գնաճի։

Գալստյանը նկատել է, որ այս կամ այն ապրանքն ավելի բարձր գնով արտադրող ընկերությունները կարող են բախվել իրացման խնդիրների, ինչն էլ կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատմանն ու ընդհանուր տնտեսական ակտիվության նվազմանը։

«Ի՞նչ կարող է անել Կենտրոնական բանկն այս դեպքում։ Կենտրոնական բանկը կարող է իջեցնել տնտեսության համար տոկոսադրույքը, եթե դեֆլյացիոն միտումները խորը լինեն։ Կարո՞ղ է արդյոք Կենտրոնական բանկը միայնակ կարգավորել կամ վերականգնել տնտեսական վիճակը։ Ո՛չ, որովհետև նման իրավիճակներում ամենակարևորը դառնում են հարկաբյուջետային, այլ ոչ թե դրամավարկային գործիքները», — հավելել է նա։