Քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերի պարագայում երկրի իշխանությունները փորձում են հիմքերի ու ապացույցների բացակայությունը կոծկել սուբյեկտիվ հրապարակայնությամբ։ Հանրապետության ներքաղաքական իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ նման տեսակետ է հայտնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Անդրադառնալով դատական համակարգի նկատմամբ երկրի ղեկավարության հարձակումներին՝ իրավաբանն արձանագրել է, որ իրավական պետությունում դրանց անպայման կհետևեին քրեական գործեր հարուցելու գործընթացները։ «Նրանց տրամաբանությունը հետևյալն է՝ եթե ես որոշել եմ, որ ինչ-որ մեկը մեղավոր է, իսկ դատարանն այդպես չի որոշում, ուրեմն մեղավորը դատարանն է։ Նման տրամաբանության դեպքում դատարանն ընդհանրապես պետք էլ չէ, միայն իզուր փող են վատնում»,- նկատել է Օրբելյանը։ Նա ընդգծել է, որ ութ տարի իշխանության ղեկին մնալուց հետո նոր միայն սկսել են խոսել այն մասին, թե իբր քննչական համակարգում «խլուրդներ» (ներքին ինֆորմացիա արտահոսողներ) կան։ «Մեջբերում եմ՝ «կմտնեմ ԱԱԾ, ում հանդիպեմ՝ գործից կհեռացնեմ» (խոսքը Նիկոլ Փաշինյանի արտահայտության մասին է - խմբ.)։ Սպասում ենք՝ ինչպես և ինչ հիմքով է հեռացնելու։ Ըստ օրենքի՝ նա կարող է աշխատանքից ազատել միայն ԱԱԾ տնօրենին՝ պատճառաբանելով, թե չեն կարողանում գտնել «խլուրդին»։ Իրականում ուղղակի վախենում են նրան ասել, որ հենց ինքն է այդ «խլուրդը»։ Հրապարակավ սպառնում է, իսկ երբ որևէ բան է տեղի ունենում, սկսում է ինֆորմացիայի արտահոսքի աղբյուր փնտրել»,- նշել է փաստաբանը՝ ակնարկելով Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների ձերբակալությունը, Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ու ԶԼՄ-ներում այդ իրադարձությունների լուսաբանման կապակցությամբ Փաշինյանի արած հայտարարությունները։

Խոսելով դատական համակարգի մասին՝ փաստաբանը շեշտել է, որ դատավորները պետք է ազատություն ունենան, բայց ոչ այնպիսի ազատություն, որ օրենքը կամայականորեն ու լայն մեկնաբանեն այնպես, ինչպես ձեռնտու է տվյալ քաղաքական ուժին. որոշումները պետք է լինեն հստակ և չհակասեն օրենսդրությանն ու Սահմանադրությանը։

Ինչ վերաբերում է երդվյալ ատենակալների ինստիտուտին, ապա, Օրբելյանի գնահատմամբ, դա չափազանց բարդ համակարգ է, և «ներդնելուց հետո իրենք էլ կհրաժարվեն դրանից»։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանում նման ինստիտուտ գործեր, այնպիսի աբսուրդային մեղադրանքներ, ինչպիսիք առաջադրվել են Քոչարյանին, պարզապես չէին լինի։ «Երդվյալ ատենակալներին միայն հեռուստացույցով են տեսել։ Վատ ինստիտուտ չէ, բայց բավականին խնդրահարույց է ու շատ թանկ հաճույք»,- հավելել է իրավաբանը։

Ընդհանուր առմամբ, նշել է Օրբելյանը, հիմքերի և ապացույցների բացակայության պայմաններում նախաքննական մարմինն ու իշխանությունները ապավինում են հույզերին ու տպավորություններին։ Սա «սուբյեկտիվ հրապարակայնություն» է, որի նպատակը հանրային ճնշում ստեղծելն է,- եզրափակել է փաստաբանը։