Ֆրանսիայում սեպտեմբերի 27-ին տեղի են ունենում Սենատի՝ երկրի խորհրդարանի վերին պալատի ընտրությունները, հայտնում է BFMTV-ն։
Այս քվեարկության ընթացքում ընտրվում են 348-ից 178 սենատորներ։ Ընտրություններն անցկացվում են մետրոպոլիայի 58 դեպարտամենտներում, ինչպես նաև Կորսիկայում, Գվիանայում և չորս անդրծովյան տարածքներում։ Բացի այդ, վերընտրվում են վեց սենատորներ, որոնք ներկայացնում են արտերկրում բնակվող ֆրանսիացիներին։
Փարիզը և Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանի դեպարտամենտներն այս ընտրություններին չեն մասնակցում․ նրանց սենատորները կվերընտրվեն 2029 թվականին։ Նույնը վերաբերում է, մասնավորապես, Նոր և Պա-դը-Կալե դեպարտամենտներին։
Ֆրանսիայի Սենատը մոտավորապես կեսով թարմացվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ, իսկ սենատորի լիազորությունների ժամկետը վեց տարի է։ Ընդ որում, ֆրանսիացի քաղաքացիները Սենատի թեկնածուների օգտին ուղղակիորեն չեն քվեարկում։ Սենատորներին ընտրում է հատուկ կոլեգիան, որը հիմնականում բաղկացած է տեղական իշխանությունների ներկայացուցիչներից։
Այս ընտրություններին մասնակցում են ավելի քան 93 հազար, այսպես կոչված, «մեծ ընտրողներ»։ Նրանց շուրջ 95%-ը կազմում են մունիցիպալ խորհրդականները կամ մունիցիպալ խորհուրդների կողմից նշանակված պատվիրակները։ Կոլեգիայի կազմում են նաև Ազգային ժողովի պատգամավորները, գործող սենատորները, տարածաշրջանային և դեպարտամենտային խորհրդականները։
Հենց այդ պատճառով էլ Ֆրանսիայում Սենատը կոչվում է «տարածքների պալատ»․ դրա կազմը մեծապես կախված է տեղական ընտրված ներկայացուցիչների քաղաքական նախընտրություններից։ «Մեծ ընտրողների» համար քվեարկությանը մասնակցելը պարտադիր է, իսկ չներկայանալու համար նախատեսված է 100 եվրոյի չափով տուգանք։
Ընտրական համակարգը կախված է նրանից, թե տվյալ դեպարտամենտից քանի սենատոր է ընտրվում։ Այն վայրերում, որտեղ ընտրվում են մեկ կամ երկու սենատոր, կիրառվում է երկփուլ մեծամասնական համակարգ։ Ավելի խոշոր դեպարտամենտներում, որտեղ ընտրվում են երեք և ավելի սենատորներ, կիրառվում է մեկ փուլով համամասնական համակարգ՝ կուսակցական ցուցակներով։ Մանդատները բաշխվում են ամենաբարձր միջինի մեթոդով։
Նման համակարգը կարող է հանգեցնել ստացված ձայների քանակի և ընտրված սենատորների թվի միջև նկատելի տարբերության։ Օրինակ, Ժիրոնդայում 2020 թվականի ընտրություններում «Հանրապետականների» թեկնածուուհուն բավական էր 356 ձայն՝ վեց տեղերից վերջինը ստանալու համար։ Սոցիալիստների ցուցակը, հավաքելով 1026 ձայն և զբաղեցնելով առաջին տեղը, ստացավ երկու մանդատ՝ այնքան, որքան կենտրոնամետների ցուցակը, որը ստացել էր 200-ով պակաս ձայն։
Սենատի կուսակցական կազմը էապես տարբերվում է Ազգային ժողովի կազմից։ Վերին պալատում ավանդաբար ուժեղ են աջ և կենտրոնամետ ուժերը։ Այժմ «Հանրապետականներն» ունեն 131 սենատոր, նրանց դաշնակիցները «Կենտրոնամետ միությունից»՝ 59, սոցիալիստները՝ 64։
Միևնույն ժամանակ «Անհնազանդ Ֆրանսիան» Սենատում ներկայացված չէ, իսկ «Ազգային միավորումն» ունի ընդամենը երեք սենատոր։ Կուսակցությունը հույս ունի իր ներկայացվածությունն ավելացնել մինչև տասը մանդատ՝ նվազագույն թիվը, որն անհրաժեշտ է սեփական քաղաքական խումբ ձևավորելու համար։
Այս ընտրություններից հետո Սենատը պետք է ընտրի իր նախագահին։ Վերին պալատի ներկայիս ղեկավար Ժերար Լարշեն, որը ներկայացնում է «Հանրապետականներին», ինչպես սպասվում է, կպահպանի այդ պաշտոնը ևս երեք տարի։




























