Եվրամիության մշակած նոր առաջարկները քայլ առ քայլ ուղի կապահովեն անդամակցությանը մոտ կանգնած չորս երկրների համար։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով նախագծի վրա աշխատող Եվրահանձնաժողովի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
«ԵՄ-ն անդամակցության գործողությունների ծրագրեր է մշակում ամենախոստումնալից թեկնածուների համար։ Բրյուսելն առաջին անգամ դիտարկում է Չեռնոգորիայի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ալբանիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների հիմնական փուլերն ավարտելու համար հստակ ժամկետներ սահմանելու հնարավորությունը»,- նշված է հոդվածում։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, «ճանապարհային քարտեզները» թույլ կտան ավելի հստակ սահմանել, թե հատկապես ինչ են ակնկալում յուրաքանչյուր թեկնածու երկրից։ Դրանք նաև պարտավորություններ կդնեն ԵՄ գործող անդամների վրա, որոնք պետք է իրենց համաձայնությունը տան գործընթացի առաջմղման համար։ Այսպիսով, կառույցն առաջին անգամ թեկնածուներին երաշխիքներ կտա այն մասին, որ բարեփոխումները շարունակելու դեպքում նրանք ընդունվելու են ԵՄ, ինչպես նաև կնշի բանակցությունների ավարտի մոտավոր ժամկետները։




























