Ալբանիայում ուսանողական բողոքների մասնակիցները ցույցերի երրորդ օրը ներխուժել են Տիրանայի Էկոնոմիկայի նախարարության շենք և վնասել շենքի ներսը։
Albanian Daily News-ի տվյալներով՝ ցուցարարները ջարդել են դռները, կոտրել պատուհանները և կահույքը դուրս բերել փողոց։ Անկարգություններն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով և մայրաքաղաքի տարբեր շրջաններում հրդեհներով։
Բողոքները սկսվել են երեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին և արագ վերաճել զանգվածային հակակառավարական ելույթների։ Ցուցարարները քարեր են նետել Կրթության նախարարության ուղղությամբ, հարձակվել պետական հաստատությունների վրա, վնասել խանութներն ու բանկերը։ Ոստիկանությունը ամբոխը ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Ուսանողները հանդես են գալիս կրթության բարձր ծախսերի, սովորողներին տրվող անբավարար ֆինանսական աջակցության և ուսումն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորման սահմանափակ հնարավորությունների դեմ։ Ցուցարարները նաև դժգոհություն են հայտնում կոռուպցիայից և սոցիալական անհավասարությունից, իսկ մասնակիցների մի մասը պահանջում է վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Դժգոհության լրացուցիչ պատճառ է դարձել երկրի հարավային ափի հողամասերի վաճառքը՝ էլիտար առողջարանային համալիրի կառուցման համար, որը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։
Ոստիկանության տվյալներով՝ չորեքշաբթի բախումներից հետո ձերբակալվել է 65 մարդ։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ բժշկական օգնության կարիք է ունեցել 89 տուժած, որոնց թվում՝ 61 ոստիկան։ Ոստիկանության չորս աշխատակից և բողոքի ակցիայի երկու մասնակից մնացել են հիվանդանոցներում։
Ռաման դատապարտել է բռնությունը, սակայն հայտարարել է, որ պատրաստ է քննարկել ուսանողների պահանջները, որոնք կապված են կրթության ծախսերի աճի հետ։ Միաժամանակ վարչապետը մերժել է հրաժարական տալու կոչերը և զգուշացրել, որ անկարգությունների մեղավորներն օրենքի առաջ պատասխան կտան։





























