Վրաստանում ձերբակալել են մի տղամարդու՝ 75 104 լարիի (մոտ 29 հազար դոլար) չափով խարդախության կասկածանքով, հայտնել է Новости-Грузия-ն։

Երկրի ՆԳՆ տվյալներով՝ նա հաճախորդներին խոստացել էր ԱՄՆ-ից ավտոմեքենաներ մատակարարել, սակայն դրա փոխարեն յուրացրել էր իրեն փոխանցված գումարը։

Քննության վարկածով՝ կասկածյալը քաղաքացիներին համոզել էր միջոցներ փոխանցել իր նշած բանկային հաշվեհամարին՝ ավտոմեքենաների առաքումը կազմակերպելու պատրվակով։ Սակայն նա չի կատարել իր պարտավորությունները և տիրացել է ստացված ողջ գումարին։

Տղամարդը ձերբակալվել է Գորի քաղաքում՝ Ռուսթավիի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Քննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի՝ խոշոր չափերով խարդախության հոդվածով, որով նախատեսվում է մինչև ինը տարվա ազատազրկում։