Իսրայելցի վերաբնակները հարձակվել են եվրոպացի դիվանագետների վրա, որոնք եկել էին Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինյան Թայբե գյուղ՝ ձիթապտուղ հավաքելու համար։
Իսրայելական բանակային ռադիոյի տվյալներով՝ հարձակվողները քարեր են նետել Ֆրանսիայի, Բելգիայի և Լեհաստանի դիվանագետների ավտոմեքենաների ուղղությամբ, ինչպես նաև կոտրել են Բելգիայի հյուպատոսությանը պատկանող մեքենայի պատուհանը։
Ականատեսների վկայությամբ՝ դիմակավորված յոթ վերաբնակներ դեպքի վայր են ժամանել քվադրոցիկլերով, շրջապատել են դիվանագիտական ավտոմեքենան և պահանջել ներկայացնել փաստաթղթեր։ Army Radio-ի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են քարեր նետվում մեքենաներից մեկի ուղղությամբ, և դրա պատուհանը կոտրվում է։ Տեսանյութում նաև երևում է դիվանագետներից մեկը, որը պառկած է գետնին։
Իսրայելական ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման տեսագրությունները ստանալուց հետո հետաքննություն է սկսել։ Գերատեսչության տվյալներով՝ տեղի ունեցածի մասին տեղեկացվել է նաև Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի պարզել տուժածների ինքնությունը, ստանալ վկայություններ և հայտնաբերել կասկածյալներին։
Ոստիկանությունը դատապարտել է բռնությունը և հայտարարել, որ մտադիր է հասնել բոլոր ներգրավվածներին պատասխանատվության ենթարկելուն։
Հարձակումը տեղի է ունեցել Արևմտյան ափին շարունակվող լարվածության ֆոնին, որտեղ պաղեստինցիները պարբերաբար բախվում են իսրայելցի վերաբնակների կողմից գործադրվող բռնությանը։
Ձիթապտղի հավաքը բազմաթիվ պաղեստինյան ընտանիքների համար եկամտի կարևոր աղբյուր է, սակայն այդ շրջանում ֆերմերներն ու նրանց ուղեկցող ակտիվիստները հաճախ հայտնում են սպառնալիքների և հարձակումների մասին։





























