Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված, ճանապարհը եղել է երթևեկության նշաններով կահավորված, ինչն ակնհայտ է նաև դեպքի վայրից հրապարակված տեսանյութերում և լուսանկարներում: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է բեռնատարի տեխզննման հարցին, ապա սխալ պնդում անելուց առաջ, օրինակ, կարելի էր ճշտել, արդյո՞ք ՀՀ-ում է գրանցված տվյալ փոխադրամիջոցը և ունի՞ ՀՀ հաշվառման համարանիշներ:

Բեռնատարը ՀՀ հաշվառում և ՀՀ պետհամարանիշներ չունի, հետևաբար ՏԿԵՆ-ի լիազորությունների տիրույթից դուրս է տվյալ փոխադրամիջոցի տեխզննման հարցը:

Ցավակցում եմ ողբերգական վթարի զոհերի հարազատներին, իսկ վթարից վթար ճանապարհային «փորձագետ» դարձողներին կոչ եմ անում չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկատվություն»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսին գիշերը վիրահատել են, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է: Զոհվածների անունները դեռեւս չի հաղորդվում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հանել են դիերը վթարված ավտոմեքենաներից, ինչպես նաև ավտոմեքենաները հեռացրել են ավտոճանապարհից։

Վթարի մասնակից 4 մեքենաներից մեկը՝ բեռնատարը ռուսական համարանիշներով է եղել։

Վթարով պայմանավորված մինչև հիմա Ուշիի մի հատվածում լույս չկա։