ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ֆրանսիայում G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մտադիր է կենտրոնանալ ՄԱԿ-ում հաշվետվողականության և արհեստական բանականության ոլորտում նորարարությունների խթանման հարցերի վրա։

«Ես հենց նոր ժամանեցի Ֆրանսիա՝ մասնակցելու G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Մենք կենտրոնանալու ենք ՄԱԿ-ում իրական հաշվետվողականության ապահովման և այնպիսի մոտեցման խթանման վրա, որն առաջնահերթություն է տալիս նորարարություններին՝ գերբանականության ապագան ապահովելու համար», - գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր օգտագործել «գերբանականություն» եզրույթը՝ ԱԲ տեխնոլոգիաների զարգացման նոր փուլը բնորոշելու համար։

G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացվում է նոյեմբերի 9-10-ը Փարիզում։