ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է տրամադրված՝ վերջ դնելու այս ահռելի զոհերի, ավերածությունների ու տառապանքի պատճառ դարձած սարսափելի պատերազմին։ Այս մասին հայտարարել է նախագահի փեսա և եռակողմ բանակցություններում ամերիկյան պատվիրակության անդամ Ջարեդ Քուշները։

«Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք փոխզիջումային այնպիսի տարբերակ գտնելու համար, որը կայուն խաղաղություն կապահովի ու նախադրյալներ կստեղծի ինքնիշխան, ապահով ու բարգավաճ Ուկրաինայի համար։ Աբու Դաբիում Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ երկօրյա եռակողմ բանակցություններից առաջ ես հանդիպելու եմ Ուկրաինայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի մեր գործընկերների հետ՝ շարունակելով եվրոպական անվտանգության ու Ուկրաինայի հետպատերազմյան ապագայի շուրջ վերջին շաբաթների մեր սերտ խորհրդակցություններն ու համակարգված աշխատանքը։

Սա փետրվարից ի վեր առաջին եռակողմ հանդիպումն է լինելու։ Երկու կողմերի հետ մեր առանձին բանակցությունների հիման վրա՝ մենք նպատակ ունենք Ուկրաինային ու Ռուսաստանին բերել ուղիղ երկխոսության դաշտ և քննարկել հետպատերազմյան անվտանգության խնդիրները, առաջարկներն ու հնարավոր լուծումները։

Ակնկալում ենք, որ այս քննարկումները կօգնեն գտնել ընդհանուր հայտարարներ, առաջ տանել գործնական լուծումները և նոր թափ հաղորդել բանակցությունների հաջորդ փուլին։ Ի վերջո, համապարփակ և տևական լուծումը պահանջելու է նաև ուղիղ շփում Ռուսաստանի և մեր եվրոպացի գործընկերների միջև՝ վերջիններիս առնչվող անվտանգության առավել լայն հարցերի շուրջ։ Հույս ունենք՝ Աբու Դաբիի հանդիպումները նախադրյալներ կստեղծեն մոտ ապագայում ավելի լայն, բազմակողմ ձևաչափով այդ գործակցությունն սկսելու համար։

Մեր աշխատանքի առանցքում փոխկապակցված չորս առաջնահերթություններ են՝ ռազմական գործողությունների դադարեցում, հետպատերազմյան անվտանգության հուսալի երաշխիքների ու նոր բախումների ռիսկը նվազեցնող մեխանիզմների մշակում, Ուկրաինայի տնտեսական զարգացման ու բարգավաճման համապարփակ ծրագրի կազմում, ինչպես նաև պատերազմի մարդկային տառապանքներն ու հումանիտար հետևանքները մեղմելուն ուղղված քայլերի առաջմղում։ Ուկրաինայի, ԵՄ-ի ու մեր մյուս եվրոպացի գործընկերների հետ համատեղ մենք աշխատում ենք Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման և ֆինանսական լուրջ կարիքները հոգալու, կենսական ենթակառուցվածքներին աջակցելու, մասնավոր ներդրումներ ներգրավելու և երկարաժամկետ տնտեսական աճի ու ինքնաբավության պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

Կողմերի հետ քննարկում ենք նաև հումանիտար կարևորագույն հարցեր, այդ թվում՝ գերիների ու քաղաքացիական անձանց վերադարձը, ինչպես նաև տառապանքները մեղմելուն ու զոհերի թիվը կրճատելուն միտված գործնական քայլերը։ Այս գործընթացում շատ կարևոր է մղել բոլոր կողմերին, որպեսզի նրանք լրջորեն մտածեն պատերազմին հաջորդող անելիքների մասին։ Հետպատերազմյան անվտանգության, տնտեսության վերականգնման ու ապագա հակամարտությունները կանխող մեխանիզմների քննարկմամբ՝ հույս ունենք շեշտը պատերազմ վարելուց տեղափոխել կայուն խաղաղության հիմքեր կառուցելու վրա։

Անվտանգության ոլորտի գործող եվրոպական համաձայնագրերն ու կառույցներն կարևոր հենք են հանդիսանում այս աշխատանքի համար։ Մենք ուզում ենք հիմնվել արդեն իսկ արդարացված մեխանիզմների վրա, հասկանալ՝ որտեղ են առկա գործիքները թերացել, և ինչ գործնական շտկումներ են պետք ապագայում դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար։

Մեր քննարկումները կենտրոնանալու են ավելի սերտ խորհրդակցությունների, ճգնաժամային հուսալի հաղորդակցության, ռազմական թափանցիկության մեծացման և էսկալացիայի ռիսկերը զսպող փոխադարձ քայլերի վրա՝ լիովին հարգելով յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու որոշումներ կայացնելու անկախությունը։ Սա ծայրահեղ բարդ ու խճճված հակամարտություն է։ Մենք հասկանում ենք սպասվող որոշումների բարդությունը և այս բանակցություններին մոտենում ենք թե՛ վճռականությամբ, թե՛ իրատեսորեն։ Հուսով ենք զգալի առաջընթաց արձանագրել, մշակել հետագա անելիքների հստակ պլան և նպաստել կայուն խաղաղության պայմանների ստեղծմանը»,- նշել է նա։