Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: NEWS.am-ին Պասշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ  ՊՆ վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ՂՀ պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը պարգեւատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով:

Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Ստորագրման արարողության ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է եւ առկա են բոլոր նախապայմանները համագործակցության ընդլայնման ու զարգացման համար: Սեյրան Օհանյանն արձանագրել է, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը եւ Ղազախստանը արդյունավետորեն համագործակցում են ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձեւաչափով` նշելով, որ այդ գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ երկու գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված միջկառավարական համաձայնագիրը:  Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս համաձայնագիրը երկու երկրներին հնարավորություն կտա համագործակցել ռազմական տեխնիկայի փոխանակման, սպասարկման եւ նորոգման, ինչպես նաեւ համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ: Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իր հերթին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ստորագրված համաձայնագիրը կարեւոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Ադիլբեկ Ջակսիբեկովը հավելել է, որ երկու երկրների ռազմական համագործակցությունը ներառում է ինչպես ռազմական կրթության ու ուսուցման, այնպես էլ փորձի փոխանակման եւ ռազմատեխնիկական ոլորտները: Այցի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել է ինստիտուտի կրթական ծրագրերին եւ ուսումնական գործընթացին: