Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դեկտեմբերի 18-ից Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ պատրաստվելով հունվարի 3-ին սկսվող աշխարհի թիմային առաջնությանը, որն անցկացվելու է Թուրքիայի Բուրսա քաղաքում: Հայաստանի հավաքականի կազմում չկա միայն նրա առաջատար Լեւոն Արոնյանը, որը նախընտրել է նախապատրաստվել այդ մրցաշարին իր տանը՝ Բեռլինում:
«Ֆուտբոլ 365»-ին տված հարցազրույցում Արոնյանն ասել է. «Ես չեմ մասնակցի Ծաղկաձորում անցկացվելիք ուսումնամարզական հավաքին: Կպատրաստվեմ առաջնությանը տանը, որից հետո անմիջապես կմեկնեմ Թուրքիա: Քանի որ ես այս տարի շատ եմ հանդես եկել, որոշեցի հանգստանալ, որպեսզի մրցաշարն սկսեմ պայքարի ծարավով»:
Հետագա պլանների մասին հարցին ի պատասխան շախմատիստն ասել է. «Բուրսայի առաջնությունից հետո պատրաստվում եմ մասնակցել Լինարեսում անցկացվող „Մեծ սաղավարտի“ ավանդական մրցաշարին: Այն տեղի կունենա փետրվարի 15-22-ը»:
Ինչ վերաբերում է փաստին, որ նա չի հայտնվել Հայաստանի լավագույն 10 մարզիկների մեջ, Արոնյանն արձագանքել է. «Ես դրան լուրջ չեմ վերաբերում: Իմ կարծիքով, 2009 թվականը ամենահաջողն էր իմ կարիերայում»:




























