ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է NASA-ի գիտնականներին` խնդրելով անմիջապես իրեն տեղյակ պահել, եթե Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի վրա «կանաչ մարդուկներ»հայտնաբերի:
«Եթե դուք իսկապես կապ հաստատեք մարսաբնակների հետ, խնդրում եմ անմիջապես ինձ իմաց տալ»,-խնդրել է նախագահը` իր Air Force One ինքնաթիռի սրահից հեռախոսազրույց ունենալով Jet Propulsion լաբորատորիայի աշխատակիցների հետ: «Եթե այնտեղ անգամ պարզապես մանրէներ լինեն, ինձ շատ հետաքրքիր կլինի»,-ավելացրել է Սպիտակ տան ղեկավարը, հայտնում է «Ուտրո.ru»-ն` վկայակոչելով Associated Press-ին:
«Այն ինչ դուք հաջողել եք իրագործել, իսկապես շշմեցնող է»,- ասել է նա եւ խոստացել չկրճատել հիմնարար գիտությունների ֆինանսավորումը:
Բացի այդ, Օբաման չի դիմացել եւ ձեռ է առել աշխատակիցներից մեկին` Բոբակ Ֆերդովսկուն, ով ինտերնետում հայտնի է դարձել «Իրոկեզ» ոճի իր անսովոր սանրվածքի շնորհիվ: «Մի ժամանակ ես մտածում էի իրոկեզ սանրվածք անելու մասին: Սակայն ինձ խանգարել է իմ թիմը,-ասել է Օբաման գիտնականների ծիծաղի ներքո,- երեւում է NASA-ն հրաժարվել է սպիտակ վերնաշապիկներից եւ սեւ ակնոցներից»:
Curiosity-ն վայրէջք է կատարել Գեյլ խառնարանի տարածքում օգոստոսի 6-ին:




























