ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը Սիրիա կատարած այցի ավարտին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է ամեն ջանք գործադրեն խաղաղ բնակչության պաշտպանության հարցում։ Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ Ամոսը նշել է ճգնաժամի՝ տնտեսության եւ մարդկանց կյանքի վրա ունեցած բացասական ազդեցության մասին՝ ընդգծելով, որ բազմաթիվ մարդիկ ունեն անհետաձգելի հումանիտար օգնության կարիք։

Ասուլիսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը պատմել է, որ այցելել է բազմաթիվ պետական հաստատություններ ու դպրոցներ, որտեղ այժմ ապրում են փախստականներ եւ պարզել, որ նրանցից շատերին բժշկական օգնություն եւ հավելյալ սնունդ է անհրաժեշտ։  

Ներկայումս Սիրիայում գործում է 8 միջազգային հումանտիր կազմակերպություն, սակայն, ըստ Ամոսի, կան այլ կազմակերպություններ, որոնք պատրաստ են օգնություն ցուցաբերել, բայց նրանց անհրաժեշտ է Սիրիայի իշխանության թույլտվությունը։

Ամոսը նշել է նաեւ, որ Սիրիայի իշխանությունը մտահոգ է մարդասիրական օգնությունը հնարավոր է ընկնի զինված ահաբեկչական խմբավորումների ձեռքը։