Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիր, որի կարեւոր բաղադրիչներից մեկը արոտավայրերի եւ անասնապահության կառավարման համակարգի ստեղծումն է հանարապետության 6` Արագածոտնի, Շիրակի, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լոռիի մարզից նշված ծրագրում ընդգրկված են 8 համայնքներ, որոնցից Ահնիձորի, Աթանի, Դսեղի, Շամուտի եւ Լորուտի կոպերատիվների վարչության անդամների եւ համայնքապետերի հետ այսօր հանդիպեց աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ Լոռիի փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը եւ ԳԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Հանդիպումը խորհրդատվական բնույթի էր,որի ընթացքում հիմնականում շոշափվեցին կոպերատիվի գործունեության կարեւոր պայմանները, նրա անդամների իրավունքներն ու պարտականությունները , կառավարման եւ զարգացման պլանների բաղադրիչներն ու օրախնդիր այլ հարցեր:
Օրվա երկրորդ կեսին նախարարն ու նրան ուղեկցող անձինք այցելեցին մարզում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող Հարթագյուղ եւ Սպիտակ համայնքներ:
Հարթագյուղում նրանք ծանոթացան կտավատի ձիթայուղի արտադրությանը, ուր ֆերմերային խմբի ղեկավարը ներկայացրեց սառը մամլման տեխնոլոգիայով ձիթայուղի ստացման գործընթացը: Նշվեց, որ առաջին տարվա գործունեության արդյունքում 7 հա-ի վրա կատարված ցանքից ստացել են ավելի քան 7 տոննա կտավատի սերմ, որից կորզված շուրջ 1550 լիտր բարձրորակ եւ էկոլոգիապես մաքուր յուղն իրացվել է Երեւանում, Վանաձորում եւ Սպիտակում: Արտադրությունը օգտաշատ է եւ հեռանկարային:
Սպիտակի համայնքում իրականացվում է գոմեշաբուծության զարգացման եւ գոմեշի կաթից կաթնամթերքի արտադրության դրամաշնորհային ծրագիր: Ներկայացնելով «Ֆերմեր» գյուղատնտեսական խմբի գործունեությունը, խմբի ղեկավարը նշեց , որ չնայած գոմեշը կաթնատվությամբ զիջում է կովին, սակայն նրա կաթի արժեքը 5 եւ ավելի անգամ բարձր է կովի կաթի արժեքից, որն էլ, գոմեշի կաթի իրացումը պատշաճորեն կազմակերպելու դեպքում, գոմշաբուծությունը կարող է դարձնել գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից մեկը:



























