Նշանավոր թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը հայտնել է, որ այսօրվա Թուրքիայում նա իրեն առավել հանգիստ է զգում:

«Իմ դեմ իրականացվող արշավը տեւել է մինչեւ 2010 թ-ը: Ես մեծ անհարմարավետություն եմ զգացել» Այժմ ամեն ինչ առավել հանգիստ է:  Միգուցե դրա պատճառ է նաեւ այն հանգամանքը, որ ես Նոբելյան մրցանակ եմ ստացել կամ էլ փոխվել է ինքը` երկիրը»,-ասել է Փամուկը`  «The Independent» բրիտանական պարբերականի հետ հարցազրույցում:

Ըստ հոդվածի հեղինակի, թեեւ Փամուկը վստահեցնում է, որ նա այժմ առավել հանգիստ է ապրում, սակայն իրեն դեռեւս ուղեկցում  է պետության կողմից նշանակված թիկնապահը:

Փամուկը կարծում է, որ մարդիկ իզուր են իր մեջ դիվանագետի տեսնում եւ համարում Թուրքիայի ձայնը.«դա բեռ է ինձ համար: Մարդիկ իմ մեջ տեսնում են այպես կոչված դիվանագետի, ինչը չի համապատասխանում իմ բնույթին»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ 2005 թ.-ին Փամուկը շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ 1915 թ.-ին թուրքերը 1 միլիոն հայ եւ 30 հազար քուրդ են սպանել: «Թուրքիայում այս մասին ոչ մեկ իրավունք չունի խոսել, բայց ես խոսում եմ»,-հայտնել է Օրհան Փամուկը: Դրանից հետո նրան սկսել են հետեւել Քրեական օրենսդրության  301-րդ  հոդվածի համաձայն(թուրքական ինքնությանը հասցված  վիրավորանք):