Իսլանդացի նշանավոր երգչուհի Բյորկը իր կայքի միջոցով կազմակերպել է շապիկների վաճառք, որոնց վրա պատկերված են սկանդալային «Փանկ-խմբի»` Pussy Riot-ի պատկերները եւ որի նպատակը խմբի դատապարտված անդամների աջակցությունն է:
shop.bjork.com կայքի ցանկացած այցելու կարող է ձեռք բերել սեւ եւ սպիտակ շապիկներ` նախատեսված կանանց եւ տղամարդկանց համար, ընդամենը 20 ֆունտ ստերլինգով: Բյորկի խոսքով, բոլոր միջոցները կօգտագործվեն դատական ծախսերի փակման եւ աղջիկների ընտանիքների աջակցության համար:
Դեռեւս հայտնի չէ, թե այս գաղափարին ինչպես են վերաբերում իրենք` աղջիկները, եւ արդյոք նրանք տվել են իրենց համաձայնությունը այս ակցիայի իրականացման համար, հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խմբի իրավապաշտպան Նիկոլայ Պոլոզովը հայտնել է, որ Pussy Riot ապրանքային նշանը գրանցվել է «Վեո-Բիո» ընկերության կողմից, որի անօրինական օգտագործումը 5 միլիոն ռուբլու տուգանք է նախատեսում:
Հնարավոր է, որ Բյորկի դեպքում որոշ զիջողություններ կարվեն, քանի որ նա հանդես է եկել խմբի աջակցությամբ դեռեւս օգոստոսի 10-ին, երբ նրա կայքում Pussy Riot –ի անդամներին ազատելու դիմում կոչ էր հայտնվել:





























