Կոլումբիացի երգչուհի Շակիրայի նախկին փեսացուն`Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դը լա Ռուայի որդի Անտոնը, դիմել է դատարան`երգչուհուց 45 մլն դոլարի փոխհատուցում ստանալու հայցով: Նա իր քայլը բացատրում է նրանով, որ Շակիրայի  հետ համատեղ կյանքի ընթացքում ստիպված է եղել զոհաբերել գովազդային գործակալի իր կարիերան` հրաժարվելով շահավետ պայմանագրերից եւ առաջարկներից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի իր սիրեցյալի կարիերային` դառնալով նրա գործակալը:

Արգենտինացին հաշվել է, որ միանգամայն օրինական կլինի պահանջել իրենց համատեղ կյանքի ընթացքում երգչուհու վաստակած 252 միլիոն դոլարի 18%-ը, որն էլ կազմում է 45 մլն դոլար, հայտնում է NEWSru.com-ը:

Երգչուհու փաստաբանը հայտարարել է, որ իր  պաշտպանյալը այսպես կոչված ամուսնական պայմանագրում նշված գումարից դուրս ոչ մի գումար չի պատրաստվում վճարել: