Լուսնի վրա եղած առաջին մարդը` Նիլ Արմսթրոնգը, կհուղարկավորվի ծովում: Այդ մասին հայտնել է ընտանիքի ներկայացուցիչ Ռիկ Միլլերը:
Թաղումը տեղի կունենա ամերիկյան ռազմաօդային ուժերի ավանդոյթների համաձայն, որտեղ Արմսթրոնգը ծառայել է որպես փորձարարական օդաչու 1949-1952 թթ.: Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Վաշինգթոնի Ազգային տաճարում, հաղորդում է «vesti.ru»-ն:
Այդ օրը կհավաքվեն Արմսթրոնգի գործընկեր աստղագնացները: Կայցելի ՆԱՍԱ-ի ղեկավար Չարլզ Բոլդենը: Հրաժեշտի արարողությունը փակ կլինի, հայտնում է rbc-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Նիլ Արմսթրոնգը վախճանվել էր օգոստոսի 25-ին 82 տարեկան հասակում:
Նա եղել է «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի ղեկավարը, առաջին մարդը, որը ոտք է դրել Լուսնի վրա 1969թ. հուլիսի 20-ին: «Փոքր քայլ մարդու համար, բայց հսկայական ցատկ մարդկության համար», - ասել է նա այն ժամանակ: Արմսթրոնգը եւ անձնակազմի այլ անդամ Բազ Օլդրինը 3 ժամ են անցկացրել Լուսնի մակերեւույթի վրա:
Արմսթրոնգը ծնվել էր 1930թ. օգոստոսի 5-ին: Լինելով ԱՄՆ-ի ռազմաօդային նավատորմի օդաչու` նա մասնակցել է Կորեայի դեմ պատերազմին 1950-ականներին: 1962թ. նա ՆԱՍԱ-ի տիեզերանավորդների շարքն է դասվել, իսկ 1969թ. թռել է Լուսին:
Լուսնի վրա գտնված տիեզերանավորդներին դիմավորել են աստղերի նման: Նա պարգեւատրվել է նախագահական Ազատության շքանշանով, սակայն հրաժարվել է հարցազրույց տալ եւ հեռացել է Օհայո նահանգի իր ֆերմայում ապրելու, զբաղվել է դասախոսությամբ, իսկ հետո` բիզնեսով: «Ես չեմ ուզում կենդանի հուշարձան լինել», - ասում էր նա:
2011 թ. նոյեմբերին Արմսթրոնգը պարգեւատրվել էր Կոնգրեսի Ոսկե մեդալով:





























