79 տարեկանում վախճանվել է «Ժանիքներ» նշանավոր սարսափ-ֆիլմի ստորջրյա տեսարանների օպերատոր Ռոն Թեյլորը:
Ինչպես հաղորդում է «Գազետա.ru»-ն, վկայակոչելով The Guardian-ին, կիրակի օրը Սիդնեյի հիվանդանոցում մահացած Թեյլորը տառապում էր արյան քաղցկեղով: Օպերատորի մահվան մասին լրագրողներին հայտնել է ընտանիքի մոտ ընկեր Էնդրյու Ֆոքսը:
Ռոն Թեյլորը իր կնոջ` Վալերիի հետ միասին, պատասխանատու են եղել «Ժանիքներ», «Ժանիքներ 2», «Երկնագույն ծովածոց», «Վերադարձ երկնագույն ծովածոց» ֆիլմերի եւ «Ֆլլիպեր» սերիալի ստորջրյա տեսարանների նկարահանումների համար: «Ժանիքներ» ֆիլմի սցենարում, որտեղ շնաձուկը հարձակվում է վանդակում գտնվող հերոսի վրա, օպերատորը իսկական շնաձուկ է նկարահանել: Ամուսինները ստորջրյա աշխարհի մասին մի շարք այլ փաստագրական ֆիլմեր են նկարահանել:





























