Ռազմական տեխնիկայի գերբազմազանությունը մի օր Ադրբեջանի համար լուրջ խնդիր է դառնալու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` մեկնաբանելով «Կոբրա» զրահամեքենաների նոր խմբաքանակի գնման մասին ադրբեջանական մամուլի հայտարարությունները:
«Կոբրա» զրահամեքենաների գնումը նորություն չէ, նման գնումներ արվում են պարբերաբար», - հիշեցրել է փորձագետը, հավելելով, որ դրանք սահմանափակ թիրախներ ունեն, նախատեսված չեն լայնածավալ ռազմական գործողությունների համար: «Ընդ որում, լավորակ սպառազինություն չեն: Այդ ռազմատեխնիկական համագործակցության հիմքում ավելի շուտ երկու երկրների հարաբերություններ են, այլ ոչ թե որակյալ տեխնիկա ձեռք բերելու ձգտումը», - նշել է Արկադի Գրիգորյանը:
«Նկատվում է Ադրբեջանի ձգտումը դառնալ զենքի բազմազանության առաջատար: Նույն նպատակի համար գնվում են տարբեր սպառազինություն եւ տեխնիկա: Սակայն ռազմական տեխնիկայի այդ գերբազմազանությունը մի օր Ադրբեջանի համար լուրջ խնդիր է դառնալու», - նշել է փորձագետը:
Ինչպես ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել են զինվորական աղբյուրները, օրերս զրահամեքենաների նոր խմբաքանակ է հասցվել Բաքու: Ըստ 2010 թվականին թուրքական «Օտոքար» ընկերության հետ կնքած 20,7 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի` Ադրբեջան են հասցվել ռազմական 123 տարատեսակ փոխադրամիջոցներ:





























