Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի աջակցությամբ եւ «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 29-ից մեկնարկել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների այցը Հայաստան եւ Արցախ: Պատվիրակությանն ուղեկցում է Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (Radio Télévision Suisse):
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, թե այցի շրջանակներում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից կազմակերպվել է շվեյցարացի պատգամավորների այցը Տաթեւ զբոսաշրջային գոտի: Ներկայացվել է պետական-մասնավոր համագործակցության արդյունքում ծնված Տաթեւ զբոսաշրջային գոտու զարգացման ծրագիրը, ինչպես նաեւ ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացվող սոցիալական պատասխանատու ձեռնարկատիրության ձեւաչափը:
Քննարկվել են երկու երկրների միջեւ զբոսաշրջության ոլորտում առավել ակտիվ համագործակցության ծավալման հնարավորությունները՝ հաշվի առնելով Շվեյցարիայի՝ զբոսաշրջության արդյունքի զարգացման տեսանկյունից համաշխարհային առաջատար լինելու հանգամանքը:




























